Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ի 44-ամյա վարորդը խմած վիճակում մխրճվել է մարդատար ГАЗель-ի մեջ. կա 9 վիրավոր. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ի 44-ամյա վարորդը խմած վիճակում մխրճվել է մարդատար ГАЗель-ի մեջ. կա 9 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 08:40-ի սահմաններում Մազմանյան փողոցում ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկում» բախվել են Mercedes մակնիշի 35 NR 377 համարանիշի և Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Ավետիսյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 49 94 Տ համարանիշի թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մարդատար ГАЗель-ը, որը սպասարկում է 3-րդ գյուղից դեպի Դինամո մարզադաշտ ուղին, կանգառում կանգնած է եղել, երբ Mercedes-ը, որի վարորդը վթարից հետո մեքենան թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի, մխրճվել է ГАЗель-ի մեջ ու եթե ГАЗел- ը կանգառում կանգնած չլիներ, Mercedes-ը կմխրճվեր կանգառում նստած քաղաքացիների մեջ:

Դեպքի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները կարողանում էին կարգավորել երթևեկությունը և վթարի վայրից հեռացնել հեռաքրքրասեր քաղաքացիներին: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանի գլխավարությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր էր ժամանել 35-ամյա Արտակ Ստեփանյան անունով քաղաքացին և Երևանի ՃՈ պետի տեղակալ Դ.Ավագյանին համոզում էր, որ Mercedes-ն ինքն է վարել, որ ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ եղել է վթարի պատճառ, սակայն ճանապարհային ոստիկանության համակարգում երկար տարիներ աշխատած, փորձառու Դ. Ավագյանին Ա. Ստեփանյանը չկարողացավ մոլորեցնել:

Ինչպես ժողովուրդն է ասում, Ավագյանը նրա «կուտը չկերավ» ու կարճ ժամանակ անց Երևանի ՃՈ աշխատակիցները հայտնաբեեցին Mercedes-ի իրական վարորդին, ով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 44-ամյա Արմեն Մելիքյանն է: Վերջինը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Խմածության աստիճանը եղել է ամենաբարձրը: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com