Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ 22-ամյա Տրդատ Խաչատրյանը չի մեկնել ծառայության: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Խաչատրյանի փաստաբան Արմեն Մարտիրոսյանը: «Բժշկական ստուգման հաջորդ օրը նա պետք է գնար ծառայության, բայց պարզվում է, որ չեն հասցրել տանել, քանի որ զորակոչի ժամկետը լրացել է: Հավանաբար հաջորդ զորակոչին կգնա, եթե ինչ-որ հիվանդություններ չունենա, որովհետև հիմա ինքը ստուգումներ է անցնում»,- մանրամասնեց փաստաբանը:
Հարցին՝ այն հիմքերը, որոնցով Տրդատ Խաչատրյանն ազատվել էր ծառայությունից, այժմ առկա չե՞ն, Մարտիրոսյանը նշեց. «Այո, հիմքերը չկան, որովհետև հիվանդության թեթև տեսակն է հիմա, որը թույլ է տալիս զորակոչվելու բանակ»:
Փաստաբանը նշեց, որ վերջին անգամ բժշկական հանձնաժողովի ստուգումից հետո է Տրդատ Խաչատրյանի հետ խոսել և վերջինս նշել է, որ պետք է գնա բանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրիկ Խաչատրյանի որդին ծառայության մեկնելու ցանկություն էր հայտնել: Օգոստոսի 8-ին Տրդատ Խաչատրյանը նամակով դիմել էր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ նշելով, որ 2014 թ. ձմեռային զորակոչին կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ «նևրասթենիա չափավոր արտահայտված» ախտորոշմամբ, ստացել է 3 տարի ժամկետով տարկետում: Իսկ 2017 թ. ձմեռային զորակոչին նա ճանաչվել էր զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Տրդատ Խաչատրյանը շեշտել էր, որ անկախ փորձաքննության եզրակացությունից՝ պատրաստ է ծառայել ՀՀ զինված ուժերում և իր միակ խնդրանքն ու ցանկությունն է՝ իրեն հնարավորություն տալ կատարելու իր պարտքը հայրենիքի նկատմամբ: