Հարուցվել է քրգործ՝ Սփյուռքի նախարարության ՊՈԱԿ-ի պաշտոնյաների կողմից չարաշահումների դեպքերով. ՔԿ. azatutyun.am
Advertisement 1000 x 90

Հարուցվել է քրգործ՝ Սփյուռքի նախարարության ՊՈԱԿ-ի պաշտոնյաների կողմից չարաշահումների դեպքերով. ՔԿ. azatutyun.am

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ։

Ըստ հաղորդագրության, նախնական քննության տվյալներով՝ Սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2015թ. ընթացքում պետական բյուջեով հատկացված դրամաշնորհի շրջանակներում հայտարարվել է մրցույթ՝ ծառայությունների գնման նպատակով: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել երեք ընկերություն, որոնցից մեկը ներկայացրել է 21 միլիոն 244 հազար 200 դրամով ցածր գնային առաջարկ, քան՝ մյուս ընկերությունները, ինչը մերժվել է։ Փոխարենը՝ ծառայությունների մատուցման պայմանագրերը կնքվել են մյուս երկու ընկերությունների հետ՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Կոմիտեն նշում է, որ բացի այդ, առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել նաև 2015-2018թթ. ընթացքում «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում, հեռարձակում, ձեռք բերում և բազմացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում, «Արի տուն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2017թ. ընթացքում «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության առանձին պաշտոնատար անձանց գործողություններում, որոնց հետևանքով պետական միջոցներից անհիմն ելքագրվել և վատնվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են Սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դեպքեր՝ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

azatutyun.am