Լոռիում 60-ամյա տղամարդը երեխաների աչքի առաջ խոշտանգել է կնոջը՝ ծեծել, եռացրած ջուր լցրել վրան․․․ 1in.am
Advertisement 1000 x 90

Լոռիում 60-ամյա տղամարդը երեխաների աչքի առաջ խոշտանգել է կնոջը՝ ծեծել, եռացրած ջուր լցրել վրան․․․ 1in.am

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Ռոբերտ Ենգիբարյանի գործով դատական քննությունը:

60-ամյա Ռոբերտ Ենգիբարյանին մեղադրանք էր առաջադրվել կնոջը պարբերաբար խոշտանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Ենգիբարյանը 2012 թվականից մինչև 2016 թվականի օգոստոս ամիսը իր բնակության վայրում՝ Լոռու մարզի գյուղերից մեկում, կնոջ հետ կենցաղային հողի վրա վիճաբանությունների ընթացքում վերջինիս ֆիզիկական ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դիտավորությամբ պարբերաբար ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով տարաբնույթ մարմնական վնասվածքներ, ինչպես նաև՝ երկու ականջների ծանրալսություն:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի օգոստոսին Ռոբերտ Ենգիբարյանը կնոջը անհիմն մեղադրելով ամուսնական անհավատարմության համար, զավակների ներկայությամբ ծեծել է նրան, ապա վառարանի վրա ջուր է տաքացրել ու այն լցրել է կնոջ վրա, հետո էլ վառարանի մեջ տաքացրել է մետաղե ձող, այն մոտեցրել է կնոջ մարմնի տարբեր մասերին՝ կնոջը առանձին դաժանությամբ ֆիզիկական ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով:

Առաջադրված մեղադրանքում Ռոբերտ Ենգիբարյանը նախաքննության ընթացքում և դատական քննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե չի հրաժարվում՝ կնոջը ծեծել է: Ծեծել է այն ժամանակ, «երբ որ պետք է եղել, լավ է արել, որ ծեծել է, ոչ միայն ծեծել, այլ նաև՝ ջարդել է, քանի որ դրանով հանգստացել է… Կնոջը ծեծել-ջարդելու համար չի փոշմանում ու չի զղջում… Բոլոր տղամարդիկ էլ ծեծում են իրենց կանանց… Իր հայրն ու եղբայրն էլ ժամանակին ծեծել են իրենց կանանց:

Իրենց հարևան տղամարդիկ էլ են ծեծել, մեծ մասը հիմա բաժանված է կանանցից…»:

Ըստ Ռոբերտ Ենգիբարյանի՝ իր կողմից կնոջը ծեծելու պատճառը եղել է այն, որ նրան երկու անգամ «բռնացրել է» իրեն դավաճանելիս, այդ երկու անգամն էլ ծեծել է… Վերջին անգամ ծեծել է Ռուսաստան գնալուց 13 օր առաջ, իսկ ինքը Ռուսաստան գնացել է 2016 թվականի օգոստոսի 26-ին… Ծեծելուց առաջ անձամբ նրան տեսել էր «պերեվալներում»՝ մի տղամարդու հետ… Այո, կնոջը ծեծել է իրենց երեխաների ներկայությամբ, երեխաներին էլ ասել է, թե ինչու է ծեծում նրանց մորը… Ծեծելու ընթացքում իրենց վառարանի վրա տաքացող ջրից մի բաժակ ջուր է շփել կնոջ վրա: Նաև՝ վառարանի կրակխառնիչով մի անգամ «բզել է» կնոջը, բայց կրակխառնիչը տաք չէր…»:

Տուժող կինը հայտնել է, թե Ռոբերտի հետ ամուսնացել է 1997 թվականին: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում 2 երեխա են ունեցել: 2002 թվականին ընտանիքով տեղափոխվել են Լոռու մարզի գյուղերից մեկը:

Ընտանիքի ապրուստի միջոցը հիմնականում հոգացել է ինքը՝ անասուններ է պահել, անտառից հատապտուղներ ու բույսեր է հավաքել ու վաճառել…

Մինչև 2012 թվականը ամուսնու հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել, բայց դրանից հետո ամուսինը տարբեր առիթներով իրեն ծեծել է, պատճառել ֆիզիկական ուժեղ ցավ, տարբեր վնասվածքներ: Ծեծի պատճառ, ըստ կնոջ, կարող էր լինել, ասենք՝ ամուսնու՝ ծխախոտ չունենալը կամ եթե գյուղում մեկնումեկը նրան ասեր, թե ձրիակերի պես է ապրում՝ կնոջ հաշվին, կամ՝ եթե մեկնումեկը իրեն բարևեր ամուսնու ներկայությամբ… Նա, ըստ կնոջ, ծեծում էր անհիմն խանդի կամ այլ անհիմն պատճառներով: Միշտ ծեծել է տանը՝ նախապես փակելով տան և բակի դռները:

Ծեծել է նաև երեխաների ներկայությամբ, բայց երեխաները չեն համարձակվել միջամտել, անգամ՝ ձայն հանել, որովհետև նրանց էլ էր ծեծում… Ռոբերտը, ըստ կնոջ, իրեն ծեծել է ձեռքերով, ոտքերով, արմատուրայով, եթե վնասվածքներ էր պատճառում, թույլ չէր տալիս տանից դուրս գալ, մինչև վնասվածքները լավանային… Ծեծի պատճառով իր մոտ ծանրալսություն է առաջացել…

2016 թվականի ամռանը ձեռքին փող չլինելու, ծխախոտ չունենալու, վարկերը չմարելու պատճառով Ռոբերտը զյարացած վիճակում է եղել ու ծեծել է իրեն՝ հարվածելով գլխին, քթին, բռունցքներով խփել է իր կողերին, երբ երեխաները միջամտել են, նրանց էլ է հարվածել, ապա հատակին բենզին է լցրել, վառել է կրակայրիչն ու սպառնացել է հրկիզել՝ ասելով. «Ձեզ տան մեջ պիտի վառեմ», պահանջել է, որ իրենք հեռանան տանից, որ ինքը «բեթար բաներ չանի»: Այդ ժամանակ եկել է նրա եղբայրը, բարկացել է Ռոբերտի վրա…

Մեկ ուրիշ անգամ Ռոբերտն իրեն անհիմն խանդելով՝ ծեծել է երեխաների ներկայությամբ, վառարանի վրա ջուր է եռացրել, եռացող ջուրը լցրել է բաժակի մեջ ու շփել է իր կրծքին, հետո եռացող ջուրը թեյնիկով լցրել է իր մարմնի տարբեր մասերին՝ թևերին, ոտքերին՝ ասելով, թե աստիճանաբար իրեն պիտի ոչնչացնի, այլանդակի, տանջամահ անի… Նա վառարանը խառնելու մետաղե ձողը տաքացրել է վառարանի մեջ, մոտեցրել է իր մարմնի՝ հագուստով ծածկված մասերին, վառել է հագուստը ու ձողը հետ է քաշել՝ ասելով, թե ինքը գիտի ոնց անի, որ հետքեր չմնան… Այդ տանջանքներին ներկա երեխաներին Ռոբերտն ասել է. «Տեսեք, էրեխեք, էս ոնց ա դիմանում, ոնց որ Կամոն ըլնի, ձեն էլ չի հանում»: Կինն ասել է՝ ինքը ձայն չի հանել, քանի որ գիտեր՝ եթե ձայն հաներ, Ռոբերտն ավելի էր զայրանալու ու ավելի էր տանջելու… Ըստ կնոջ՝ իրենց դուստրը այդ տեսարանից վատացել, երկու օր անկողին է ընկել… Դրանից մի քանի օր հետո Ռոբերտը մեկնել է Ռուսաստան, իսկ վերադառնալուց առաջ պահանջել է, որ իրենք տանից հեռանան: Ներկայումս ինքն ու երեխաները նրանից առանձին են ապրում վարձակալությամբ…

Տուժող կինը խնդրել է ամուսնուն ենթարկել պատասխանատվության…

Դատարանը հաստատված է գնահատել Ռոբերտ Ենգիբարյանին առաջադրված մեղադրանքը՝ կնոջը պարբերաբար առանձին դաժանությամբ խոշտանգելու, նրան ֆիզիկական ու հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Օրենքով հոդվածի այդ մասով նախատեսված է 3-ից 7 տարի ազատազրկում:

Իր արարքների համար չզղջացող, իրեն մեղավոր չճանաչող Ռոբերտ Ենգիբարյանը դատապարտվել է օրենքով նախատեսված նվազագույն պատժի՝ 3 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե առաջին ատյանի դատարանի դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ:

1in.am