ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրատվական դաշտի և հատկապես լուրեր ստեղծողների հանդեպ իմ հատուկ վերաբերմունքը երբեք չեմ թաքցրել: Թե’ պետական պաշտոնների ժամանակ, թե’ մասնավոր գործունեությամբ զբաղվելու ընթացքում։ Մամուլի առջև բաց եմ եղել միշտ, և հնարավորության դեպքում ՝աջակցող, նույնիսկ «ազատ» կարգավիճակում։
Ըմբռնումով եմ մոտեցել լրագրողների «պահանջատիրական» զանգերին և կոշտ հարցադրումներին, նույնիսկ պետական որևէ պաշտոն չունենալու պայմաններում հասկանալով, որ անկախ օրվա կարգավիճակիցս ընկալվում եմ որպես հանրային կերպար։ Երբեմն հաճելի չէ իհարկե, բայց պատասխանատվության զգացումը ստիպել է առաջնորդվել բաց լինելու պարտավորությամբ, խորապես ընկալելով, որ լրագրողների արածը հասարակության տեղեկացված լինելու իրավունքի ապահովման երաշխիքն է։ Հայրենի լրատվության միջոցների գործունեության առանցքում բազմիցս եմ հայտնվել, տարիների ընթացքում մամուլի բարեկամն եմ դարձել, բայց որոշ հարցերի պատասխաններ այդպես էլ չեն գոհացրել ինձ: Եթե անկեղծ, ավելի շատ մտահոգվելու առիթ են տվել մեր երկրում ազատ և պատասխանատու մամուլի վերաբերյալ թեմաները, քան ասենք իմ մասին հատուկ գրված կամ պատվիրված նյութերը:
Մի նկատառում ևս, քանի դեռ լրատվության միջոցը չի անդրադառնում մարդուն կամ որևէ խմբի, երբեք հետաքրքրություն չի առաջանում և չեն սկսվում նյութի կամ լրատվամիջոցի հետևում իրական տերերի որոնողական աշխատանքները: Հաճախ իրական սեփականատերերին կամ ֆինանասավորողներին բոլորը գիտեն, բայց ձևավորված ոչ թափանցիկ և անազնիվ պրակտիկայի համաձայն երբեք պաշտոնապես չի հայտարարվում այդ մասին…Լրատվամիջոցը զենքի հետ համեմատողներն արագ գլխի ընկնող մարդիկ են, իսկ այն սեփական շահերին ծառայեցնողները ՝ մամուլի արժանիքները շատ են նսեմացնում…
Եվ այսպիսով, ամփոփելով վերը շարադրվածը, հայտնում եմ. համախոհներիս հետ հիմնադրել եմ նոր մեդիա՝ տեղեկատվական կայք www.armdaily.am և առցանց հեռուտատեսություն www.armdailytv.am (հեռարձակումը կսկսվի շուտով)։ Հենց սկզբից ուզում եմ հայտարարել մի քանի սկզբունքների մասին.
ա/ այս մեդիառեսուրսը ստեղծվում է ԱԶԱՏ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ լրատվամիջոց լինելու հավակնությամբ, լինելու է հանրության տեղեկացված լինելու իրավունքի սպասարկուն և ապահովելու է կարծիքի արտահայտման ազատությունն իր խողովակներով,
բ/ այս մեդիառեսուրսը չի ծառայելու որևէ քաղաքական ուժի, կուսակցության, տնտեսական կամ այլ միավորման ու խմբերի շահերին, չի լինելու որևէ արտաքին կամ ներքին ուժի տեղեկատվական սպասարկուն,
գ/ հիմնադրի մասին տեղեկացնելուց զատ, հայտարարում եմ այս մեդիառեսուրսի գործունեության թափանցիկության մասին, այդ թվում նաև ֆինանսական թափանցիկության,
դ/ որպես այս մեդիառեսուրսի հիմնադիր բացարձակ որևէ ֆունկցիոնալ ազդեցություն չեմ ունենալու խմբագրության մասնագիտական աշխատանքին, չեմ միջամտելու որևէ լրագրողի գործունեությանը, որևէ հանձնարարություն չեմ տալու որոշակի նյութեր «դնելու» կամ «հանելու» վերաբերյալ։ Հարգում եմ լրագրությունը որպես մասնագիտություն և լրագրողի աշխատանքը որպես ամենաբարդ ու պատասխանատու գործունեության ոլորտներից մեկը։
Հ.Գ. Խնդրում եմ նախագիծը համարել սոցիալական բնույթի ներդրումային ծրագիր՝ ի աջակցություն կարծիքի արտահայտման ազատության և հանրության տեղեկացված լինելու իրավունքի։
Խնդրում եմ լրատվամիջոցի մասնագիտական գործունեությանն առնչվող որևէ հարցով կամ խնդրանքով ինձ չդիմել, չեմ միջամտելու։ Բոլոր հարցերով խնդրում եմ դիմել ArmDaily-ի խմբագրություն»: