Տեսախցիկը արձանագրել է Երևանում 4 հոգու, BMW-ով վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու պահը. shamshyan.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տեսախցիկը արձանագրել է Երևանում 4 հոգու, BMW-ով վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու պահը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են Երևանում օգոստոսի 28-ին BMW մակնիշի 34 ՏA 200 համարանիշի ավտոմեքենայով Հանրային հեռուստաընկերության հարևանությամբ 4 քաղաքացու վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 35-ամյա Արտակ Ստեփանյանը, ով հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավարն է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վրաերթի ենթարկվածների հարազատները ասում էին. «Հավատում ենք, որ ճիվաղը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի: Նրա արարքը մեկ բառով կարելի է բնութագրել՝ անմարդկային: Ոչ մեկս ապահովագրված չենք ավտովթար-վրաերթերից, սակայն տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է ճիվաղը վրաերթի ենթարկում 4 հոգու, այդ թվում՝ երեխաների, ու նրանց թողնելով անօգնական, գող կատվի պես ճողոպրում դեպքի վայրից:

Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի նա քրեական պատասխանատվության ենթարկվի, ինչը դաս կլինի սպրիչով ուղեղները հանած նմանատիպ վայ վարոդների համար»: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած տեսանյութը, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը ու ինչպես է ճիվաղը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դիմում փախուստի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 29-ին ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությաբ, Սարի Թաղում հայտնաբերել էին BMW մակնիշի 34 ՏA 200 համարանիշի ավտոմեքենան: Նշված ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 28-ին Դավիթ Բեկ և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Գ. Հովսեփյան փողոցի բնակիչներ, 27-ամյա Մարիամ Չիչյանին, 4-ամյա Ալեքս Իլանգուլյանին, Դավիթ Բեկի փողոցի բնակիչներ, 3-ամյա Աննա Մարգարյանին և 29-ամյա Մանուշակ Ֆահրադյանին:

Վրաերթի ենթարկելուց հետո BMW-ի վարորդը նրանց թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի: Վրաերթի ենթարկվածներից Մ. Ֆահրադյանը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, Ա.. Մարգարյանն ու Ա. Իլանգուլյանը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, իսկ Մ. Չիչյանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com