Apple կորպորացիան խոտան է հայտնաբերել իր կողմից արտադրված iPhone 8 սմարթֆոնների ոչ մեծ մասում և պատրաստ է անվճար վերացնել այն: Այդ մասին ասված է ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ինչպես հետևում է փաստաթղթից, խոսքը վերաբերում է այդ մոդելի այն սմարթֆոններին, որոնք 2017 թվականի սեպտեմբերից մինչև ընթացիկ տարվա մարտն ընկած ժամանակաշրջանում վաճառվել են Ավստրալիայում, Հնդկաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում և Ճապոնիայում: Apple-ի տվյալներով՝ «ոչ մեծ տոկոս կազմող» այդ սարքերում հիմնական պլատաները կարող են խոտան լինել: Դրա պատճառով սմարթֆոնները կարող են ինքնաբերաբար վերաբեռնվել, դադարեցնել աշխատանքը և չարձագանքել էկրանի վրա հպումներին կամ դրանք միացնելու փորձերին:
Apple-ի ներկայացուցիչներն առաջարկում են սմարթֆոնների տերերին՝ սարքերի սերիական համարը զետեղել կայքում, որպեսզի ստուգվի՝ դրանք վերաբերում են արդյոք տվյալ ծրագրին: Apple-ում ճշտում են, որ սպասարկման ակցիան, որը շարունակվելու է երեք տարի՝ iPhone 8-երի առաջին վաճառքների պահից ի վեր, չի վերաբերում սմարթֆոնների այլ մոդելների, այդ թվում՝ iPhone 8 Plus-ին:
Ընկերությունում մտադիր չեն վերացնել այն սարքերի հնարավոր վնասվածքները, որոնք չեն վերաբերում նշված թերությանը: