Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան հրապարակումը. «Բլոգեր Համլետ Հովսեփյանը նոր է վերադարձել Արևմտյան Հայաստան կատարած իր հերթական ճանապարհորդությունից: Նրա ֆեյսբուքյան էջից ներկայացնենք բազմաթիվ ուշագրավ տեսանյութերից մեկը, որը պատկերում է Խծկոնքի գեղատեսիլ ձորը:
Խծկոնքի վանքային համալիրը, որը թուրքերեն հայտնի է որպես Բեշքիլիսե (Հինգ եկեղեցի), գտնվում է պատմական Հայաստանի Կարսի մարզում (1921-ից անցել է Թուրքիայի կազմի մեջ), Անիի քաղաքատեղիից 25 կմ դեպի հարավ-արևմուտք։ Կառուցվել է Դիգոր (Տեկոր) գավառի կենտրոնին մոտ գտնվող հարթավայրում՝ երեք ժայռի ծերպերի վրա։ Վանքն ընդհանուր առմամբ ունեցել է հինգ եկեղեցի, հիմնահատակ ավերվել է թուրք զինվորականների կողմից 1950-ականներին, մեր օրեր հասել է միայն եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Սարգիսը, այն էլ՝ կիսավեր վիճակում»։