Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանը քաղաքապետի բոլոր թեկնածուներին առաջարկում է միասնական ուղերձով դիմել երևանցուն: Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:
«Քանի որ քարոզարշավի վերջին օրը մեր անկախության օրն է, առաջարկում եմ Երևանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին` միասնական կոչով դիմել երևանցուն, որպեսզի երևանցին տեսնի, որ մենք ոչ թե հակառակորդներ ենք, այլ քաղաքական ուժեր, որոնցից յուրաքանչյուրն ունի Երևանի զարգացման իր տեսլականը»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով` մայրաքաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն:
«Այնքան գործ կա անելու Երևանում: Մեր աշխատանքի շնորհիվ այն պետք է դառնա 21-րդ դարի մայրաքաղաք»,- նշեց Զոհրաբյանը:
ԲՀԿ ցուցակի առաջին համարը նշում է, որ ազատ և արդար կազմակերպված ընտրություններում հաղթողը լինելու է երևանցին: