Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. վիճաբանություն-ծեծկռտուք. ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում ատրճանակը գործի չդրվեց. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. վիճաբանություն-ծեծկռտուք. ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում ատրճանակը գործի չդրվեց. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2 հասցեում գործող «Աբովյան» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է, որոնց մեջ կա ատրճանակով զինված քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ ահազանգից կարճ ժամանակ առաջ նշված սուպերմարկետում Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Կորյուն Առաքելյանը, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի բնակիչ՝ 38-ամյա Վազգեն Անանյանը, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ՝ 34-ամյա Վախթանգ Անանյանը նշված սուպերմարկետում դեռևս անհայտ պայմաններում վիճաբանել են մենեջեր, Աբովյանի բնակիչ՝ 27-ամյա Հայկ Հակոբյանի հետ, որից հետո վիճաբանությունը շարունակվել է սուպերմարկետի անվտանգության աշխատակից, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Վանիկ Ենոքյանի հետ։

Վիճաբանության ընթացքում Վ. Անանյանը սուպերմարկետի դիմաց կայանված Toyota Rav 4 մակնիշի 75 DC 075 համարանիշի ավտոմեքենայից վերցրել է հրազենին նմանվող առարկան և մոտենալով Վ. Ենոքյանին՝ փորձել է ինչ-որ գործողություններ կատարել, սակայն Վ. Ենոքյանը կարողացել է կասեցնել Վ. Անանյանի գործողությունները։ Օպերատիվորեն ժամանած Կոտայքի մարզի ոստիկաններն ու ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները կարողացել են Կ. Առաքելյանին, Վ. և Վ. Անանյաններին բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին, իսկ Toyota Rav 4-ն էլ տեղափոխել ոստիկանւթյան Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ատրճանակ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները եղել են ոչ սթափ (խմած), իսկ փաստի առթիվ էլ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com