ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համոզված է, որ Հայաստանում որևէ աշխատավարձով հնարավոր չէ գնել այնպիսի շքեղ առանձնատուն, ինչպիսին ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Այդ մասին Օսիպյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ոստիկանապետի աշխատավարձով հնարավո՞ր է շքեղ առանձնատուն գնել, ինչպես դա արել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Թե ի՞նչ ճանապարհով է այն գնվել կամ կառուցվել, այդ հարցով կխնդրեմ դիմեք իրեն՝ կառուցողին կամ սեփականատիրոջը»,- ասաց Օսիպյանը:
Hetq.am լրատվական կայքում հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի հիման վրա, Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: