Կառավարությունն առաջարկում է ընտրությունների ժամանակաշրջանում բարեգործությունն ամբողջությամբ արգելել
Advertisement 1000 x 90

Կառավարությունն առաջարկում է ընտրությունների ժամանակաշրջանում բարեգործությունն ամբողջությամբ արգելել

Առաջարկվում է ընտրախախտումների համար տուգանքների չափը բարձրացնել, որոնք կկազմեն 100 հազար դրամից ոչ պակաս: Այս մասին սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով համապատասխան օրինագծերի փաթեթը:

Նրա խոսքով՝ կառավարությունը որոշել է նախընտրական քարոզարշավների ժամանակ ընտրողների վրա ներգործությունը նվազագույնի հասցնել և հետագայում թույլ չտալ, և օրենսդրական փաթեթը հենց այս նպատակի իրականացմանն է ուղղված: «Մենք իսկապես պետք է հասնենք նրան, որ քաղաքացիները կարողանան ընտրել ազատ և հեշտ»,- ասաց փոխնախարարը:

Հովհաննիսյանը պարզաբանեց, որ առաջարկվում է նախընտրական քարոզարշավի ժամանակ արգելել ցանկացած բարեգործական գործունեություն: Դրանից բացի, առաջարկվում է պատժել ոչ միայն ընտրողին կաշառելու համար, այլև կաշառքի խոստում տալու: Նման առաջարկների համար նախատեսվում է պատժել 100 հազարից մինչև 400 հազար դրամ տուգանքով կամ մինչև 5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Ընդ որում՝ առաջարկվում է կաշառք համարել ոչ միայն փող տալը, այլև այլ նյութական բարիքներ, այդ թվում՝ սննդամթերք տալը:

Նշենք, որ օրենսդրական փաթեթը հարուցել էր Հանրապետական և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների քննադատությունը:

news.am