«Նայած ինչ գործուղում». Օսիպյանը՝ «Վեոլիա ջուր»-ի կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու գործի մասին
Advertisement 1000 x 90

«Նայած ինչ գործուղում». Օսիպյանը՝ «Վեոլիա ջուր»-ի կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու գործի մասին

«Վեոլիա ջուր» ընկերության կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու գործով համապատասխան վարույթ  է իրականացվում, որից հետո ոստիկանությունը կտա համապատասխան պարզաբանում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Դիտարկմանը, թե արտառոց չի՞ թվում, որ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահն ու անդամները ընդամենը ավիատոմսով և հյուրանոցի ծախսերով կարող էին գնալ նման գործարքի և բարձրացնել սակագները, Օսիպյանը արձագանքեց, որ չի բացառվում, որ նախաքննությունը այլ մանրամասներ կհրապարակի այդ գործով:

Դիտարկմանը, որ «Վեոլիա ջուր»-ը և ՀԾԿՀ-ի ներկայացուցիչները նշել են, որ դա գործուղում է եղել, փորձի փոխանակման նպատակով, ոստիկանապետն ասաց. «Նայած ինչ գործուղում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության հաղորդագրության համաձայն, ջրի սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ 8 ավիատոմս, ինչպես նաև փոխանցել են հյուրանոցի ծախսերը, որի ընդհանուր կազմել է շուրջ 12,6 մլն դրամ: Դրանից հետո ՀԾԿՀ որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։

«Վեոլիա» ջուրը հանդես է եկլ հայտարարությանը և նշել, որ չի ընդունում մեղադրանքը՝ կապված ՀԾԿՀ անդամներին կաշառելու հետ:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հիշեցրել է, որ 2017-2031թթ. համար սակագների սահմանման պայմանագրային մեխանիզմները հաստատվել են ՀՀ կառավարության կողմից և ամրագրվել են 2016-ի նոյեմբերին ստորագրված Վարձակալության պայմանագրում: Այդ մեխանիզմները երբեք չեն վերանայվել: