Facebook ընկերությունը սեպտեմբերի 6-ին ձեռնամուխ է եղել տվյալների պահպանման և մշակման՝ Ասիայում առաջին կենտրոնի ստեղծմանը: Ինչպես հաղորդվում է ընկերության տարածած հայտարարության մեջ, համալիրն իր գործունեությունը կսկսի 2022 թվականին Սինգապուրում:
Նախագծի արժեքը գնահատվում է 1,4 մլրդ դոլար, այն ընկերության համար 15-րդը կդառնա ամբողջ աշխարհում:
«Կենտրոնի կառուցումն Ասիայում իր ներկայությունն ընդլայնելու Facebook-ի ռազմավարության բաղկացուցիչ մասն է»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ընկերության փոխնախագահ Թոմաս Ֆեռլոնգի խոսքով՝ «կենտրոնում նաև աջակցություն կցուցաբերվի ստարտապներին, այդ թվում՝ դրանց ապագա կիրառման գործում»: Բացի այդ, նրա խոսքով, «այնտեղ պլանավորվում է ստեղծել հազարից ավելի նոր աշխատատեղեր»:
Համալիրը կառուցելիս, որն կզբաղեցնի 170 հազար քառակուսի մետր մակերես, առաջին անգամ կկիրառվեն նորագույն տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան 20 տոկոսով նվազեցնել էներգիայի և ջրի օգտագործումը: