PicsArt ընկերությունը նախատեսում է իր փորձը օգտագործել ՏՏ ոլորտի զարգացման համար
Advertisement 1000 x 90

PicsArt ընկերությունը նախատեսում է իր փորձը օգտագործել ՏՏ ոլորտի զարգացման համար

PicsArt ընկերությունը փորձում է Հայաստանում զարգացնել արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 7-ին այցելեց PicsArt ընկերություն: Այցի նպատակը Հայաստանի ՏՏ ոլորտի առկա խնդիրներին ու զարգացման ուղիներին ծանոթանալն էր։

Այցի ընթացքում PicsArt ընկերության գործադիր տնօրեն և սեփականատեր Հովհաննես Ավոյանը, ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն և համասեփականատեր Արտավազդ Մեհրաբյանը և Հայաստանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վարդանյանը Արմեն Սարգսյանին ներկայացրեցին հավելվածի հնարավորությունները, ծանոթացրեցին հայաստանյան գրասենյակի հետ, ինչպես նաև պատմեցին հավելվածի զարգացման , կառուցվածքի և նվաճումների մասին։

Հովհաննես Ավոյանի խոսքով` իրենց ընկերությանը հաջողվել է համաշխարհային ճանաչում վայելող հավելված ստեղծել Հայաստանում, ուստի անհրաժեշտ են համարում իրենց փորձը օգտագործել նաև հօգուտ Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման:

«Ունենալով արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման կիրառման մեծ փորձ՝ փորձում ենք այս արդիական ոլորտն օգտագործել և՛ մեր երկրի տնտեսության զարգացման, և՛ Հայաստանի ՏՏ ոլորտի առաջընթացի համար»,- ասաց Ավոյանը:

ՀՀ նախագահի և Picsart ընկերության տնօրինության միջև տեղի ունեցավ քննարկում երկրի ՏՏ ոլորտի խնդիրների վերաբերյալ։

PicsArt-ը աշխարհի ամենամեծ ստեղծագործ արտահայտման պլատֆորմ է։ Ֆոտոխմբագրման և ստեղծագործ արտահայտման համար նախատեսված այս հավելվածն ունի 500 միլիոնից ավելի ներբեռնում և ամսական 100 միլիոնից ավելի ակտիվ օգտատեր։ Ամեն ամիս PicArt-ի օգտատերերը ստեղծում և վերափոխում են մոտ մեկ միլիարդ պատկեր և տեսանյութ։

Օգտատերերը այս ստեղծագործություններով կիսվում են թե՛ PicsArt-ում և թե՛ ցանկացած այլ սոցիալական ցանցերում։ PicsArt -ը ներառում է ազատ օգտագործման համար անվճար նկարների և սթիքերների աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը՝ ունենալով համայնքի կողմից ստեղծված և ազատ օգտագործման համար հասանելի ավելի քան մեկ միլիոն նկար և սթիքեր։

Հավելվածը Google Play-ի և App Storer-ի կողմից բազմիցս ճանաչվել է որպես լավագույն հավելված։ Իսկ 2015 թվականին Forbes ամսագիրը PicsArt-ը ընկերությունը ընդգրկել է ամենաարագ աճող StartUp-ների ցանկում։