Նիդերլանդներից հայ երեխաների արտաքսման թեմայով «Արմենպրես»-ը մանրամասներ է ճշտել այդ երկրի արդարադատության նախարարության պաշտոնյայից
Advertisement 1000 x 90

Նիդերլանդներից հայ երեխաների արտաքսման թեմայով «Արմենպրես»-ը մանրամասներ է ճշտել այդ երկրի արդարադատության նախարարության պաշտոնյայից

Ընտանեկան հարցերով զբաղվող անկախ հոլանդական Nidos կազմակերպության անդամները կուղեկցեն սեպտեմբերի 8-ին Նիդերլանդներից Հայաստան արտաքսվող երկու հայազգի երեխաներին՝ 12-ամյա Լիլիին և 13-ամյա Հովիկին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Նիդերլանդների արդարադատության նախարարության մամուլի հարցերով ներկայացուցիչ Մաարտեն Մոլենբեեկը:

«Խնդրով այժմ զբաղվում է Nidos կազմակերպությունը: Դրա ներկայացուցիչները հետագա աջակցության ցուցաբերման նպատակով արդեն Հայաստանում են»,- ասաց նա: Մոլենբեեկը հրաժարվեց այլ մանրամասներ տրամադրել երեխաների արտաքսման վերաբերյալ, այդ թվում՝ որ չվերթով են երեխաները ժամանելու Հայաստան:

Մեր նկատառմանը, որ Նիդերլանդների երեխաների օմբուդսմեն Մարգարիտ Կլավերբոերը Լիլիի ու Հովիկի արտաքսումը երեխաների հիմնարար իրավունքների խախտում է համարում, Մոլենբեեկը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ: «Դա նրա կարծիքն է»,- ասաց արդարադատության նախարարության ներկայացուցիչը:

«Արմենպրես»-ը փորձեց կապվել Nidos կազմակերպության հետ: Գրասենյակից խոստացան մանրամասներ փոխանցել ավելի ուշ:

Նիդերլանդական մամուլում խնդրով զբաղվող Nidos-ի կողքին նշվում էր նաև «Հայկական Կարիտաս» կազմակերպության անունը: «Կարիտաս»-ից, սակայն, հայտնեցին, որ այս պահի դրությամբ իրավասու չեն որևէ տեղեկություն տրամադրել: «Տվյալ պահին, ելնելով մոր և երեխաների անվտանգությունից «Հայկական Կարիտաս»-ն իրավասու չէ որևէ տեղեկություն տրամադրել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին կազմակերպության գրասենյակից:

13-ամյա Հովիկն ու 12-ամյա Լիլին մոր՝ Արմինե Համբարձումյանի հետ Նիդերլանդներ են տեղափոխվել 2008թ. Ռուսաստանից: Նրանք Նիդերլանդներից ապաստան են խնդրել, որի պատասխանը ստացել են 9 տարի անց միայն՝ 2017թ.: Պատասխանը բացասական է եղել և նրանց Հայաստան արտաքսելու մասին որոշում է կայացվել: Արմինե Համբարձումյանն արտաքսվել է, սակայն երեխաները մնացել էին Նիդերլանդներում, քանի որ իշխանությունները նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն ունեցել, իսկ մայրը թաքցրել է երեխաների գտնվելու վայրը:

2018թ. սեպտեմբերի 3-ին երեխաները դուրս են եկել թաքստոցից: Նրանք Հայաստան են արտաքսվելու սեպտեմբերի 8-ին:

Հովիկը և Լիլին երբեք Հայաստանում չեն ապրել, նրանք ծնվել են Ռուսաստանում, իսկ վերջին 10 տարիներն անցկացրել են Նիդերլանդներում: Չեն տիրապետում հայերենին: Նրանց մայրը ծնվել է Ադրբեջանում, ապրել Ռուսաստանում, սակայն ունի Հայաստանի քաղաքացիություն:

Խնդրին օրերս անդրադարձել էր Նիդերլանդների արքայադուստր Լաուրենտինը: Նա երկրի կառավարությանը կոչ էր արել թույլ տալ երեխաներին մնալ: «Չեմ կարող և չեմ ցանկանում իրավիճակի վերաբերյալ դատողություններ անել, բայց ես անկեղծ ցավում եմ նրա համար, ինչ կատարվում է այդ երեխաների հետ»,- ասել էր նա՝ հավելելով, որ երեխաները կայունության կարիք ունեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունից հայտնել էին, որ տեղյակ են երեխաներին արտաքսելու խնդրից: «Հայաստանի միգրացիոն ծառայությունը ինտեգրման բոլոր հնարավոր ծրագրերով աջակցություն կցուցաբերի երեխաներին, եթե նրանց մայրը չստանձնի խնամակալությունը»,- հայտնել էին միգրացիոն ծառայությունից:

Նիդերլանդների երեխաների օմբուդսմեն Մարգարիտ Կլավերբոյերը հայտարարել էր, որ երկրից հայազգի երկու երեխաներին՝ 12-ամյա Լիլիին ու 13-ամյա Հովիկին Հայաստան արտաքսելը համարվում է երեխաների հիմնարար իրավունքների խախտում: «Ես մանրամասն կարդացել եմ երեխաների ողջ գործը, գիտեմ, որ նրանց մայրը ներկայում ի վիճակի չէ խնամել նրանց: Նրանք ապրելու տեղ չունեն և չեն կարող գնալ դպրոց»,- ասել է Կլավերբոյերը: Օմբուդսմենը նկատել է, որ երեխաների ապագան Նիդերլանդներում է, այս հարցը նա քննարկել է արդարադատության նախարար Մարկ Հարբերսի հետ: Վերջինս իրավունք ունի երեխաներին տրամադրել բնակության իրավունք, սակայն մինչ օրս հրաժարվել է դա անել: