Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը պատրաստ է հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, եթե որևէ մեկը հիմնավոր կերպով ապացուցի, որ իր գրած աշխատանքն արժանի չէ դոկտորի գիտական աստիճանի:
Գոգյանն այս մասին հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:
«Օգոստոսի վերջին ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ինձ շնորհվել է գիտությունների դոկտորի աստիճան, բայց ես այդ վկայագիրը դեռ չեմ վերցրել: Եվ հիմա հայտարարում եմ՝ եթե Հայաստանում մաթեմատիկայի ոլորտից կգտնվի գիտությունների մի թեկնածու կամ դոկտոր, ով կհամարի, որ ես արժանի չեմ դոկտորի գիտական աստիճանի և պատրաստ է մեկ ամսվա ընթացքում կազմակերպել քննարկում, որտեղ կներկայացնի իմ ատենախոսության բոլոր դրույթները, կկարողանա տեխնիկապես ապացուցել և ասել, որ իմ գրած աշխատանքը արժանի չէ, որ ես դառնամ Հայաստանում գիտությունների դոկտոր, ես պատրաստ եմ իմ վկայագիրը թողնել սեղանին և դուրս գալ ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից»,- ասաց Սմբատ Գոգյանը:
Եթե այդպիսի առաջարկ չլինի, ԲՈԿ նախագահը սեպտեմբերի 17-ին կվերցնի իր վկայագիրը:
Սմբատ Գոգյանն իր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է մայիսի 24-ին, ԲՈԿ է տարել հունիսի 6-ին, իսկ ԲՈԿ նախագահ նշանակվել է միայն հունիսի 11-ին: Նա նշեց՝ սկզբում բաժնի պետն անհարմար է զգացել՝ չիմանալով ինչ անել, ինքը վստահեցրել է ատենախոսության հետ կապված որոշմանը չի մասնակցելու:
«Ես ասել եմ՝ քանի որ նախարարն իմ վերադասն է, բոլոր հարցերը նախարարի հետ պետք է քննարկել: Օգոստոսի վերջին իմացա, որ այդպես էլ արել են, զեկուցել են նախարարին, և նա հրաման է տվել, որ ինձ շնորհեն գիտությունների դոկտորի աստիճան: Մերժումը կամ հաստատումը ոչ մի կերպ չէր անդրադառնա նրանց նկատմամբ իմ վերաբերմունքի վրա»,- հավաստիացրեց Գոգյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 11-ի որոշմամբ Սմբատ Գոգյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ: Գոգյանն իր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է «Մաթեմատիկական անալիզ» մասնագիտությամբ: