ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ վարչապետի օգնական նշանակվել է Սոֆյա Նավասարդյանը, ով, շրջանառվող լուրերի համաձայն, վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի վարսահարդարն է:
Արմեն Եղոյանը նշեց, որ Սոֆյա Նավասարդյանը ոչ թե վարսավիրն է, այլ զբաղվում է արարողակարգային հարցերով, վարչապետի և առաջին տիկնոջ արտաքին տեսքի հետ կապված հարցերով, քաղաքական իմիջի ձևավորմամբ:
«Ունի պետական կառավարման մարմինների հետ խորհրդատվական համագործակցության ավելի քան ութ տարվա փորձ: Վարչապետի որոշումն է, թե ով լինի իր օգնականը և որ հարցերով»,-ասաց նա և նշեց, որ հակասություն չկա:
Նա նշեց, որ Սոֆյա Նավասարդյանը վարչապետի օգնական է աշխատում վճարովի հիմունքներով և պետական բյուջեից է աշխատավարձ ստանում:
Tert.am-ը «Հայկական ՓիԱր ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանից հետաքրքրվել է, թե արդյոք միջազգային երկրներում կա՞ այդպիսի պրակտիկա, որ վարչապետի ոճաբանը լինի օգնական և առանց այդ պաշտոնի հնարավոր չէ՞ր նման աշխատանք իրականացնել:
Աստղիկ Ավետիսյանն ասաց, որ տարբեր երկրներում PR խմբում ընդգրված են ոճաբաններ, ովքեր որոշումներ են կայացնում, թե առաջին դեմքերն ինչպես հագնվեն, ինչպիսի տեսք ունենան, ինչ գույնի հագուստ կրեն: «Որպես կանոն նրանք պետական պաշտոն չեն զբաղեցնում: Եթե Հայաստանում ստեղծվում է նման ինստիտուտ, շատ լավ է, բայց եթե վարչապետի կողմից վարսահարդարը նշանակվում է օգնականի պաշտոնում միայն նրա համար, որ աշխատակազմը կարողանա հիմնավորել վերջինիս մասնակցությունը պաշտոնական այցերին, կարծում եմ՝ վարկաբեկում է վերը նշված ինստիտուտի գաղափարը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: