ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտնի սկանդալային հեռախոսազրույցի մեջ նշվում է նաեւ փաստաբան Վահե Գրիգորյանի անունը։ Սասուն Խաչատրյանը նշում է, որ «հեսա Վահեն է գալու մոտս, մի լուրջ բան կգրի, ելույթ էլ կունենա, սաղ հարցերին կպատասխանի, իմ ելույթ ունենալը ճիշտ չէ, ինքը փորձագետ է, փաստաբան է…»։
Փաստաբանը, ով Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ է, Armdaily.am-ի հետ զրույցում նշեց, որ ծանոթ չէ ձայնագրությանը, բայց խիստ զարմացած է, որ ՀՔԾ եւ ԱԱԾ պետերին ձայնագրել են եւ տարածել համացանցում։
Վահե Գրիգորյանը պարզաբանեց, որ Արթուր Վանեցյանին ընդհանրապես ոչ տեսել է, ոչ խոսել, իսկ Սասուն Խաչատրյանի հետ շատ է առնչվել, Մարտի 1-ի գործի բերումով փաստաթղթեր է տարել-բերել, հանդիպումներ ունեցել։ «Ես շատ անգամ եմ ելույթ ունեցել մարտի 1-ի վերաբերյալ, դրանցից որեւէ մեկը որեւէ իրավապահի խնդրանքով չի եղել, ինքս հաճախ եմ դժգոհություն հայտնել իրավապահներին, որ ինչի այս ինչ բանը հրապարակային չէ։ Սովորաբար այդ ելույթները կամ ես եմ նախաձեռնել, կամ լրագրողները»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ձայնագրությանը ծանոթանալուց հետո ավելի մանրամասն կանդրադառնա այս ամենին։