«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերթական ուշագրավ որոշումն է կայացրել, որի անունը դրել է «շրջադարձային, կարծրատիպեր կոտրող ռեֆորմ»: Նա ոչ աշխատանքային՝ կիրակի օրով հայտարարել է, թե «Այլևս չի լինելու դեռևս խորհրդային տարիներից պահպանված, առողջապահության նախարարի կողմից նշանակվող «Գլխավոր մասնագետների ինստիտուտը»։ Բժիշկ մասնագետի որակավորումը չպետք է որոշվի նախարարի հրամանով, այլ հակառակը՝ նրա կրթությամբ, աշխատանքային փորձով․․․ և այլն»:
Նկատեցի՞ք՝ նախարարը հակասում է ինքն իրեն. հայտարարում է, թե չի ընդունում նախարարի կողմից նշանակվող բժիշկների «ինստիտուտը», բայց ինքն է անում նույն նշանակումները՝ պարզապես գլխավոր մասնագետ որակումը փոխարինելով «խորհրդատու» ձևակերպմամբ: Նրա մեկնաբանմամբ` «Նորանշանակ խորհրդատուները օգնելու են առողջապահության նախարարությանը ոլորտային քաղաքականության մշակման… գործում»:
Նշենք, որ այս որոշումն էլ նախարարը կայացրել է առանց մասնագիտական շրջանակների հետ խորհրդակցելու, իսկ բժշկությունը յուրօրինակ մասնագիտություն է, և խորհրդակցելը երբեք ամոթ չէ: Իսկ բժիշկների համար «գլխավոր մասնագետը» պարզապես տիտղոս է՝ չվարձատրվող աշխատանք: Բայց անգամ տիտղոսազրկումը Թորոսյանը արել է մարդու իրավունքների ոտնահարման վառ դրսևորումներով: Նա անվանի, վաստակ ունեցող 4 տասնյակից ավելի բժիշկներին ուղղակի արհամարհելով` գիշերով հայտարարել է, որ հեռացված են: Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ պետք է նախ շնորհակալություն հայտներ ցտեսություն ասելուց առաջ՝ նախապես տեղեկացնելով նրանց իր որոշման պատճառների մասին:
Նշենք, որ նախարարը տիտղոսից զրկել է այնպիսի անվանի բժիշկների, ինչպիսիք են ՀՀ վաստակավոր բժիշկ, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ԵՊԲՀ Ստոմոտոլոգիայի ֆակուլտետի դեկան, ստոմոտոլոգների ասոցացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Լազր Եսայանը, Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը, «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը և այլք: Լուրեր կան, որ նա իր մտերիմներին է նշանակել խորհրդատուներ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել նորերը, նախարարությունից պատասխանեցին՝ «պրոֆեսիոնալիզմի»: Սա ոչ այլ ինչ է, քան ապտակ բժշկի մասնագիտությանը և արժեքների ոչնչացում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։