Գիտնականները եկել են այն եզրակացությանը, որ կոֆեինի օգտագործումն ավելացնելը կարող է նպաստել այն մարդկանց մոտ մահվան ռիսկի նվազմանը, որոնք տառապում են երիկամների քրոնիկական հիվանդությամբ: Հետազոտությունը հրապարակված է Nephrology Dialysis Transplantation հանդեսում:
Կոֆեինի հնարավոր պաշտպանիչ ազդեցությունը կարող է պայմանավորված լինել օրգանիզմի վրա անոթների մակարդակով նրա ներգործությամբ: Ինչպես հայտնի է, այդ նյութը նպաստում է ազոտի օքսիդի դուրսբերմանը՝ դրանով իսկ բարելավելով արյունատար անոթների աշխատանքը: Ուսումնասիրությունը, որն ընգրկել է 4 հազար 863 մարդու, ցույց է տվել հակադարձ կապը կոֆեինի օգտագործման և երիկամների քրոնիկական հիվանդություն ունեցող մարդկանց շրջանում բոլոր պատճառներից մահացության միջև: Ավելի մեծ քանակությամբ այդ նյութն օգտագործած պացիենտների մոտ մահվան ռիսկը հինգ տարվա ընթացքում միջին հաշվով նվազել է գրեթե 25 տոկոսով նրանց համեմատությամբ, ովքեր ավելի քիչ կոֆեին են ընդունել: