Ահա նման հարցով են դիմում իրավապահ մարմինների աշխատակիցները, ովքեր Նիկոլ Փաշինյանի միտինգային հրահանգով երեկ երեկոյից «ռեյդ» են իրականացնում մայրաքաղաքում՝ հերթապահելով քաղաքի տարբեր, հնարավորինս տեսանելի, մարդաշատ հատվածներում։
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության ձայնագրությանը անդրադառնալով և այդ թեմայի շուրջ ծավալվելով՝ շատ ջղաձիգ տոնով Դավիթաշեն համայնքում Երևանի ավագանու քարոզարշավի առիթով հրավիրված հանրահավաքում հրահանգել է.
«Ես այստեղից ԱԱԾ-ին, Ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձր պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին: Պարոնայք Արթուր Վանեցյան և Վալերի Օսիպյան, երկու ժամից լսեմ ձեր զեկույցը կատարված աշխատանքների մասին»:
Նրա այս հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում րոպեներ էին հաշվում, թե երբ կլրանա ԱԱԾ-ին, Ոստիկանությանը տրված երկու ժամը, որպեսզի Ֆեյսբուքում Փաշինյանի իրական և կեղծ կողմնակիցները՝ ֆեյքերը, ապա՝ պաշտոնական լրատվամիջոցները սկսեն տարածել «բոեվիկ» տեսանյութերը։ Քաղաքում երեկոյան մթի և ողջ գիշերվա ընթացքում սկսվեց ոստիկանական մեքենաների սրընթաց շարժը՝ բնականաբար, «միգալկաներով», ձայնային և լուսային ազդանշաններով… Տեսարանը պետք է ապահովվի՝ հրահանգ է տրվել, պետք է արագ կատարվի։
Մինչ երեկ բոլորը քննարկում էին համացանցում և տարբեր ԶԼՄ-ներում հրապարակված ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը և տարբեր մեկնաբանություններ կատարում (ընդ որում, քաղաքացիներն ավելի լուրջ և խորը վերլուծության էին ենթարկում տեղի ունեցածը՝ գիտակցելով դրա վտանգավորությունը երկրի համար), Նիկոլ Փաշինյանը շատ արագ կերպով Բաղրամյան 26-ից ուղիղ եթեր մտավ՝ փորձելով այդպիսով որոշակիորեն շեղել հասարակությանը տարածված նյութից։ Ինքն էլ խոստովանեց. «Ենթադրում եմ՝ բոլորդ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ձայնագրություններն եք հիմա լսում, հույս ունեմ՝ իմ այս ուղիղ եթերը գոնե ինչ-որ առումով այդ ձայնագրության հետ որոշակիորեն կմրցակցի պոպուլյարության առումով»,- այսպես սկսեց ուղիղ եթերը Փաշինյանը։
Նրան չհաջողվեց օրվա բուն և մտահոգիչ թեմայից «շեղման» գործընթացը։ Ի՞նչ անել, քանի դեռ հասարակությունն իր մեկնաբանություններով ավելի չէր խորացել կատարվածի էության մեջ։ Պետք էր հասարակության նոր «դոզա» տալ, նոր տեսարան ապահովել։ Դավիթաշենում քարոզարշավի ընթացքում գործի դրվեց բառապաշարի ողջ արսենալը՝ ճիշտ ու սխալ, թաց ու չոր, անձնական ու պետական բոլոր հարցերը, ունեցած ու չունեցած լիազորությունները խառնելով։ Կարևորը՝ հասարակության վրա ներգործելն է, մնացածը կարևոր չէ «թավշյա» իշխանությունների համար։
«Երկու ժամը անցավ, դեռ ասֆալտին պառկացրածներ չկա՞ն»,-միմյանց էին հարցնում մարդիկ՝ սոցցանցերում և իրական կյանքում։ «Արդեն անցել ա՞ երկու ժամը։ Ո՞նց դեռ ոչ մեկին չեն պառկացրե՞լ», «Որ՞օլիգարխին վերջը պառկացրին ասֆալտին, անուններ կա՞ն» -արդեն հեգնում էին։ Հեղափոխության ակտիվիստները սոցցանցերում իրար էին խառնվել ողջ գիշեր. Կադրեր, տեսարաններ չկան։ Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց.
Այսօր արդեն պաշտոնական մամուլով այդ նկարահանումներից կադրեր սկսեցին տարածվել։ «Հայկական Ժամանակ» օրաթերթը ներկայացրեց «պատահաբար» տեսանկարահանված կադրեր, թե ինչպես են ոստիկանները կատարում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հրահանգը։
«Քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Լեոյի փողոցում: Մեր տեղեկություններով, ոստիկանները զինաթափել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները «Toyota Prado» մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի: Ոստիկանությունից փորձեցինք ճշտել մեր տեղեկությունները, որտեղից չհերքեցին, սակայն խոստացան մանրամասներ հայտնել ավելի ուշ: Մեր հարցին, թե նրանց մոտ զենք-զինամթերք եղե՞լ է, ոստիկանությունից ասացին, որ մի քանիսի մոտ զենք հայտնաբերվել է, որի օրինականությունը ստուգվում է: Նշենք, որ այսօր Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ինքը օլիգարխ չէ և թիկնապահ էլ չունի»,- գրել է լրատվամիջոցը՝ կից ներկայացնելով «Ավրորա Մեդիայի» տեսանյութը «դեպքի» վայրից:
Լրատվամիջոցներից մեկն էլ, իր հերթին, գրեց, որ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին երեկ գիշերը ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել: ArmLur.am-ը զրուցել էր «Սիլ» կոնցեռնի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանի հետ, ով հաստատել էր տեղեկությունը՝ հայտնելով, որ «գիշերը Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներն իսկապես ՀՀ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել, ստուգվել են նրանց փաստաթղթերը: Քանի որ բոլոր աշխատակիցները «Կամանդիր սեքյուրիթի» պահնորդական կազմակերպության ներկայացուցիչներ են, օրենքով թույլատրելի գործունեություն են ծավալում, ունեն հատուկ կարգավիճակ, ուստի 5 րոպե անց նրանց բաց են թողել»: Հարցին, թե ինչպե՞ս է Սուքիասյանը վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այդ հրահանգին, Մկրտչյանը պատասխանել է մեկ բառով` «Հանգիստ»»:
Ի դեպ, երբ Փաշինյանը հրահանգներ է տալիս ԱԱԾ տնօրենին ու Ոստիկանությանը, վերջիններս նույնիսկ չեն էլ հարցնում՝ «Շեֆ, իսկ ինչի՚՞ համար համար պառկացնենք, ի՞նչ հիմքով, ինչ են արել, որ պառկացնենք…»։
Նրանք էլ շատ լավ հասկանում են, որ «շեֆի» նպատակը և տվյալ գործընթացում կարևորը՝ ասֆալտին պառկացրած կադրեր լինեն, որպեսզի առաջին հերթին՝ ինքը՝ Փաշինյանը, ապա՝ ժողովուրդը տեսնի՝ ի՜նչ հզոր են իշխանությունները, ասաց ու պառկացրեց… Ու թքած, թե ինչպիսի անպատասխանատու ու երկրի համար վտանգներ պարունակող հայտարարություններ ու քայլեր կանեն, կարևորը մարդկանց աչքին ու ականջին հաճո տեսարաններ ու ելույթներ ապահովելն է։ «Հացը» չեն կարողանում ապահովել, գոնե շոուն՝ տեսարաններն ապահովեն։ Կարևոր չէ գործ անելը, որևէ ծրագիր իրագործելը, իրական փոփոխություններ ապահովելը, մարդկանց կյանքում որևէ բան փոխելը, կարևորը ժողովրդի զանգվածներին չկորցնելն է։ Բեմում գտնվողի համար կարևորը արտաքին տպավորություններն և ծափահարություններն են։
Հերմինե Գրիգորյան
Հ.Գ. Իսկ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման, զրույցի բովանդակության և ազգային անվտանգության խնդիրները մղվեցին երկրորդ պլան։ Այստեղ օգնության կգան ջրցան մեքենաները։ Լղոզելով՝ կամաց-կամաց թեման կջրեն։