Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում վերջին ամիսներին գրանցվել են բազմաթիվ նոր սոցիալական էջեր։ Դրանք մեծամասամբ կրում են ոչ թե ժամանցային, այլ քարոզչական բնույթ։ Հայտնվել են «ԱԱԾ», «Ոստիկանություն», «ՀՔԾ» և այլ պետական կառույցների անուններ կրող, սակայն բնույթով կեղծ էջեր։
Նմանօրինակ սոցիալական էջերից է «հեղափոխական» «Դուխով Հայաստան» էջը, որն իրականում զբաղված է բոլորովին այլ քարոզչությամբ։
Հրապարակումներից մեկը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի մասին է։
Այսպես, կցելով Իոաննիսյանի և Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարները՝ էջը գրում է․ «Մոնթե Մելքոնյանը եղել է Մոսկվայի լրտեսը և առաքելություն ուներ ադրբեջանցի եղբայրներին թշնամացնել հայերի հետ»։ Այս խոսքերը վերագրվում են Իոաննիսյանին։
Մի կողմ թողնելով հրապարակման բարոյական կողմը, նշենք, որ Իոաննիսյանը երբևէ նման հայտարարություն չի արել։ Ավելին, Իոաննիսյանը բազմիցս հանդես է եկել Երևանում Մոնթեի անունով փողոց անվանակոչելու առաջարկությամբ։
Ի դեպ, վերջերս այս էջը հանդես էր եկել բռնության կոչով։ Ներկայանալով կառավարության անունից՝ էջի քարոզիչները կոչ էին արել քաղաքացիներին սառը զենքերով՝ դանակներով, այցելել հանրահավաքներին և Հանրապետական կուսակցության անդամների տեսնելիս «անցնել գործի»։