Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցությունը կողմ է Երևանում միասնական տրանսպորտային համակարգի ձևավորմանը: Այս մասին «Երևանի հասարակական տրանսպորտի ճգնաժամը, ինչպե՞ս են տեսնում հարցի լուծումը քաղաքական ուժերը» թեմայով քննարկմանն ասաց Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Հովսեփ Խուրշուդյանը:
Նրա խոսքով՝ Երևանի կաթվածահար երթևեկությունը վերականգնելու համար անհրաժեշտ է մետրոպոլիտենի կայարանների ավելացում: «Մենք կարևորում ենք էլեկտրատրանսպորտի աննախընթաց զարգացումը, այդ թվում՝ վերգետնյա մետրոյի կառուցման հնարավորությունը»,- ասաց Խուրշուդյանը՝ հավելելով, որ էլեկտրատրանսպորտի ներդրումը կխթանի նոր արդիականացված մեքենաների Հայաստան մուտքը, ինչպես նաև քաղաքի էկոլոգիական խնդիրների վերականգնումը:
Հովսեփ Խուրշուդյանն առանձնացրեց նաև ավտոկայանատեղիների հետ կապված խնդիրը, նշեց, որ անհապաղ պետք է վերանայվեն կարմիր գծերի համար վճարվող գումարները:
«Շատ ճիշտ կլինի, որ խցանումներից խուսափելու համար բաշխվեն քաղաքացիների աշխատաժամերը, իսկ ավելի ճիշտ կլինի որոշ պետական հիմնարկներ տեղափոխել քաղաքի ծայրամաս»,- հավելեց նա:
Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առաջարկում է նվազեցնել միկրոավտոբուսների քանակը, իրականացնել հասարակական տրանսպորտում հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժը:
«Ժառանգություն»-ը կարևորում է նաև հանրային տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակների համակարգի ներդրումը եւ համապատասխան վահանակների տեղադրումը բոլոր կանգառներում: Համատարած Wi-Fi ունենալու պարագայում քաղաքացիները կարող են հետեւել յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի չվացուցակին: