Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են հարս ու փեսայի Mercedes-ը, բեռնատար Iveko-ն, Toyota Camry-ն. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են հարս ու փեսայի Mercedes-ը, բեռնատար Iveko-ն, Toyota Camry-ն. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի Երևան-Երասխավան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 35 TA 433 համարանիշի, Iveko մակնիշի 777 ՕR 01 համարանիշի և Toyota Camry մակնիշի 11 ZZ 011 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն բախվել է երկաթե արգելապատնեշին։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մի քանի վիրավորների քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց, ինչի համար էլ Արտաշատի ոստիկանապետ Ա. Հովհաննիսյանն ու ՃՈ վաշտի հրամանատար Վ. Էվինյանը մեկնել են հիվանդանոց՝ պարզելու այդ հանգամանքը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Այս պահին նշված հատվածում ուժեղացված ծառայություն է կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի տեսուչ Գեղամ Մովսիսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն իրենց մեքենաները չկայանեն վթարի վայրում, իսկ, ինչպես հայտնի է, հետաքրքրասեր վարորդների պակաս Հայաստանում չկա։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Mercedes-ի մեջ հայտնաբերվել է հարսի քող, հարսանեկան պարագաներ, հավաքվածներն էլ ասում էին, որ մեքենայի մեջ եղել են հարս ու փեսան։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ վթարի հետևանքով Արտաշատի հիվանդանոց են տեղափոխվել 5 հոգի։ Բոլորն էլ եղել են Mercedes-ի ուղևորներ, ովքեր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com