SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքը, հնարավոր է, դեպի Լուսին թռիչք կատարի այն տիեզերանավով, որը կառուցվել է նրա ընկերության կողմից: Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 17-ին Կալիֆոռնիայի նահանգի Հոթոռնե քաղաքում SpaceX-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նշել են առաջին զբոսաշրջիկի անունը, որը պետք է Լուսնի շուրջը պտույտ կատարի ընկերության տիեզերանավով:
Այդ մարդը ճապոնացի միլիարդատեր-ձեռնարկատեր Յուսակու Մայեձավան է՝ Zozo ինտերնետ-կայքի հիմնադիրը, որը կատարում է անհատական չափսերով հագուստի պատրաստման պատվերներ: Շնորհակալություն հայտնելով դեպի Լուսին թռչելու համար իր թեկնածությունն ընտրելու համար, ինչը վաղուց եղել է նրա երազանքը, Մայեձավան Մասքին հրավիրել է իրեն ընկերակցել այս տիեզերական ճանապարհորդության ընթացքում: Մասքը չի բացառել դրա հնարավորությունը: «Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը, ես վստահ չեմ…, կարող է պատահել, որ մենք երկուսս էլ կթռչենք»,- նշել է Մասքը:
SpaceX-ի ղեկավարը մամուլի ասուլիսում հայտնել է, որ տիեզերանավը, որի մեջ լինելու է Մայեձավան, Երկրի արբանյակի ուղեծիր դուրս կբերի Big Falcon Rocket հրթիռակիրը, որը դեռևս գտնվում է արտադրության փուլում: Թռիչքը կարող է կայանալ մոտավորապես 2023 թվականին: Մայեձավան չի նշել այն գումարը, որը ինքը վճարելու է դեպի Լուսին ճանապարհորդության համար, իսկ Մասքի խոսքով՝ այն «զգալի» է և, մասնավորապես, կօգնի ֆինանսավորել BFR-ի ստեղծման նախագիծը: