Ոչ մի արտահերթ ընտրություն էլ չի լինելու, ու դա Փաշինյանը լավ գիտի
Advertisement 1000 x 90

Ոչ մի արտահերթ ընտրություն էլ չի լինելու, ու դա Փաշինյանը լավ գիտի

Կոնստանտին Տեր-Նակալյանի հրապարակումը.

Ոչ մի արտահերթ ընտրություններ էլ չեն լինելու ու դա Փաշինյանը լավ գիտի։ Ավելին ասեմ՝ այս ողջ կրկեսը զուտ նրա համար է արվում, որ կառավարության տապալումը չնշանակի նաև քաղաքական կարիերայի տապալում, իսկ ողջ մեղավորությունը բարդվի նենգ ռեժիմի ու հակահեղափոխության վրա։

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ինքը որևէ շանս չունի հասնելու նրան, որպեսզի ԱԺ-ի ինքնալուծարման մասին սահմանադրական օրենք ընդունվի։ Նա դա չի կարող անել ո՛չ ԱԺ-ում քվեարկությամբ, ո՛չ էլ հանրաքվեով։ Ու եթե ձեզ թվում է, թե մարդկանց նորից փողոց հանելով է կարողանալու անել դա, ապա չարաչար սխալվում եք։ Վստահ եմ, որ ինքը՝ Փաշինյանն էլ շատ լավ գիտի, որ երկու անգամ նույն գետը մտնել չի կարողանալու, իսկ թե ինչու, կբացատրեմ հաջորդիվ։

Նախ, համապատասխան օրենսդրական փոփոխություն անելու հնարավորություն ՔՊ-ն չունի, որովհետև ԱԺ-ում Նիկոլի մարդկանց թիվը կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա, իսկ շարունակվող առճակատումը ոչ միայն կոալիցիոն գործընկերների, այլ նաև Լուսավոր Հայաստանի ու Հանրապետություն կուսակցության հետ որևէ կերպ չեն նպաստելու, որ Նիկոլի կողմնակից պատգամավորների թիվը հնարավոր լինի հաշվել գոնե երկու ձեռքով, էլ չխոսեմ հանրապետականների մասին։ Ուստի, գրեթե բացառվում է, որ հնարավոր կլինի Փաշինյանի հռչակած սահամանադրական օրենքը անցկացնել ԱԺ-ով։ Հանրաքվեն էլ է բացառվում, որովհետև Հանրաքվե հայտարարելու համար էլ է պետք ԱԺ պատգամավորների ավելի մեծ թիվ, քան 4-5 հոգին է։

Տակը ի՞նչ է մնում։ Մարդկանց փողոց հանե՞լը։ Որևէ կասկած չկա, որ անգամ մայիսին Նիկոլ Փաշինյանը կարող է մի քանի տասնյակ հազար մարդ հանել փողոց։ Իմ հաշվարկներով, նրա իրական պոտենցիլը 40-50 հազարն է՝ ի հաշիվ սորոսական ակտիվի, աղանդավորական ակտիվի, անչափահասների ու այս ընթացքում կռապաշտության դուռը հասած շերտի։ Սակայն այդ թիվը որևէ կերպ համեմատելի չի լինելու 2018-ի ապրիլ-մայիսի թվերի հետ։ Եկեք չմոռանանք, որ այդ օրերին հրապարակի բազմամարդության մեջ իր ամագն ուներ նաև Գագիկ Ծառուկյանը առնվազն, իսկ եթե հավատանք օդում կախված խոսակցություններին, ապա նաև՝ Տաշիր Գրուպի հետ կապ ունեցող միավորները։ 2019-ի մայիսին այդ միավորները վստահաբար չեն զորակցելու փողոցային ակցիաներին, իսկ եթե պետք լինի, կարող են հակա-ակցիաներ անել, որոնք կլինեն ոչ պակաս բազմամարդ, քան Փաշինյանի ակցիաները։

Սակայն անգամ սա չէ, որ վստահ եմ՝ անհանգստացնում է Փաշինյանին։ Ի վերջո, նրա դժվար քողարկվող ավտորիտար խառնվածքից դատելով՝ հարկ եղած դեպքում ցանկացած հակա-ակցիա կարելի է ցրել էլ, դրանց կազմակերպիչներին էլ ռեպրեսսիաների ենթարկել էլ։ Խնդիրը նրանում է, որ նման շանտաժի միջոցով սահմանադրական կարգ փոխելը կարող է որակվել ու մեծ հավանականությամբ՝ կորակվի միջազգային հանրության կողմից, որպես սահմանադրական կարգի տապալում և իշխանության բռնի զավթում։ Օրինակ՝ նույն Ռուսաստանը կարող է հայտարարել, որ չի ճանաչում նման մեթոդով ձևավորված իշխանությունը որպես լեգիտիմ մարմին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Կենացները եթե քաղցրացնենք ու շարունակենք խոսել հիպոթեզերի լեզվով, ապա նման զարգացումների դեպքում Փաշինյանի ու իր թիմի համար բացի քաղաքական կարիերայի ավարտից, միանգամայն իրատեսական են դառնում նաև կոնկրետ քրեական հետապնդման ու բանտարկության հեռանկարները։

Այնպես որ, ստեղծված իրավիճակում պետք է ակնկալել քաղաքական շոուների շարունակություն ու դրանցում՝ зрелища-ների էքսպոնենտային աճ, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց ներգրավեն իրենց էլեկտորատ։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, կկայանան 2022-ին, ինչպես և պլանավորված էր։ Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հրաժարական չտա մայիսին, ապա ԱԺ-ն պարզապես անվստահություն կհայտնի կառավարությանը մայիս-օգոստոս միջակայքում ու սահմանադրական կարգով կհեռացնեն Փաշինյանին և կընտրեն նոր վարչապետ։ Ավելին ասեմ՝ նոր վարչապետ կընտրեն, անգամ եթե Նիկոլ Փաշինյանը կամավոր հեռանա իշխանություններից։



Նման նյութեր