«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.today կայքի խմբագրությունում ոստիկանության կողմից իրականացված խուզարկությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ այն խախտում է լրագրողների աղբյուրների կոնֆիդենցիալությունը: «Yerevan.today-ում խուզարկությունը և կայքի սարքավորումների բռնագրավումը լուրջ վտանգ է ներկայացնում լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքներին, որոնք երաշխավորված են Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանով,- ասել է կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիրը:- Մենք ցավում ենք, որ ոստիկանությունը չի փնտրել առավել քիչ աղմկոտ և առավել համաչափ ճանապարհ իր իրավական նպատակին հասնելու համար»: