Անկախ Հայաստանի պատմության մեջ մի շարք ոլորտներում մեր երկիրը նշանակալի հաջողություններ է արձանագրել: Դրանցից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որտեղ վերջին 27 տարիներին Հայաստանի հաջողությունները ամենաակնհայտներից են: Այն, որ Հայաստանը ՏՏ ոլորտի առումով հայտնվեց աշխարհի քարտեզի վրա, և այն փաստը, որ մեր երկիրը ճանաչելի դարձավ համաշխարհային կազմակերպությունների համար, գաղտնիք չէ:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշում է, որ Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ հնարավոր է ոչ միայն տալ պատվերներ, այլև ստանալ ՏՏ լուծումներ: «Այսօր Հայաստանում գործունեություն են ծավալում աշխարհում լավագույն ներդրումային հիմնադրամները, լավագույն կազմակերպություններն ու հետազոտական ընկերությունները»,- ասաց նա:
Բագրատ Ենգիբարյանը վստահեցնում է՝ Հայաստանը կարող է տեխնոլոգիական զարգացմամբ մրցունակ երկիր դառնալ: «Մենք պետք է որակական նոր աստիճանի բարձրացնենք այդ ոլորտում մեր կրթությունը, մեր շրջանավարտներին օգնենք, որպեսզի դիմեն մագիստրոսական, ասպիրանտուրական ավելի բարդ խնդիրների լուծող ծրագրերի: Պետք է ոլորտի շեշտադրումը դնել նաև ճարտարագիտության մեջ»,- վստահեցրեց նա: