Շուրջ հինգ տարի է, ինչ Հայաստանում գործում է դեկորացիաների մասնագիտացված Pro Decor ընկերությունը, որը զբաղվում է ինտերիերի, էքստերիերի և միջոցառումների համար դեկորացիաների արտադրությամբ, ինչպես նաև դեկորացիաների միջոցով արտաքին գովազդի, վահանակների, ստենդերի, տաղավարների և մի շարք այլ մոդելների պատրաստմամբ և ձևավորմամբ։ «Բիզնես 24»-ը ընկերության ստեղծման, աշխատանքի և ապագա ծրագրերի մասին զրուցեց Pro Decor-ի հիմնադիր Արա Մանուչարյանի հետ։
– Ինչպե՞ս որոշեցիք հիմնել Pro Decor ընկերությունը։
– Միտքն առաջացավ ԱՄՆ-ում, երբ մենք այնտեղ հյուրախաղերի էինք մեկնել։ Ես տեսնում էի, թե ինչպիսի արհեստավարժությամբ են օգտագործվում դեկորացիաները թե՛ շոու ծրագրերի մեջ, թե՛ առհասարակ արտաքին միջավայրում։ Վեգասյան շոուների օգտագործման ձևերն ու լուծումները շատ տպավորիչ են։ Դրան գումարվեց նաև այն, որ ամեն նախագծի ժամանակ դեկորացիաների ինստիտուտ չունենալու խնդրին էինք բախվում։ Ի վերջո, 2013 թ․ հիմնեցինք Pro Decor ընկերությունը՝ փորձելով դեկորացիաների մշակույթը բերել Հայաստան։
– Ի՞նչ նորամուծություններ եք բերել շուկա։
– Հայկական շուկայում ընկերության առկայությունը արդեն իսկ նորամուծություն է՝ իր արտադրանքով և առանձնահատկությամբ։ Սարքավորումներն են մեզ մոտ նորամուծություն, նոր տեխնիկա, աշխարհում տեղ գտած նոր նյութեր, որոնք փորձում ենք կիրառել նաև մեր արտադրանքի մեջ։
Բացի այդ, պատրաստում ենք ապակեմանրաթելային ծածկույթով դեկորացիաներ, հիմնականում՝ քանդակներ, որոնց կարելի է հանդիպել, օրինակ, Դիսնեյլենդում։ Այն մատչելի չէ, բայց որակով է, չկոտրվող և հետաքրքիր է հատկապես բիզնեսով զբաղվող մարդկանց։ Օրինակ, Երևան մոլում տեղադրված «Կապիտան Քիդը» մանրաթելային ծածկույթով է պատված։ Այս նյութով արտադրանքը կարելի է դնել դրսում և +50-ից մինչև -50 ջերմաստիճանի դեպքում ոչ մի փոփոխության չի ենթարկվի, մնում է 10 տարուց ավելի։
– Ո՞ր ուղղություններն են պահանջված Հայաստանում, գովա՞զդ, տոնական արարողություննե՞ր, ինտերիերի դիզա՞յն, մշակույթային միջոցառումների դեկորացիանե՞ր։
– Շուկայում գրեթե բոլոր ուղղություններն էլ պահանջված են, բայց վերջին շրջանում ավելի շատ են ինտերիերի և էքստերիերի համար նախատեսված դեկորացիաների պատվերները, մասնավորապես միջոցառումների համար։ Վերջին մեկ տարում ակտիվացել են գովազդային դեկորացիաների պատվերները։ Պետք է ցավով նշեմ, որ ամենապասիվը կինոդեկորացիաներն են։ Մեծ բյուջեով համաշխարհային պատմական ֆիլմեր այստեղ չեն նկարվում, իրականում կինոյի համար արտադրվող դեկորացիաները էժան չեն, դրա համար էլ այդ բացը կա։ Այնուամենայնիվ, մենք շատ լավ ենք պատկրացնում այս ոլորտը և ունենք որոշակի փորձ։ Շատ կուզենայինք, որ Հայաստանում կինոդեկորացիաների ինստիտուտը ավելի խորանար։
– Այսինքն Pro Dеcor-ը պատրաստ է արտադրել կինոյի համար նախատեսված դեկորացիաներ։
-Այո, պատրաստ ենք, բայց պիտի հասունանա պահը, որ պատմական որևէ ֆիլմ նկարվի Հայաստանում և այդ ժամանակաշրջանին համապատասխան դեկորացիաներ արտադրենք։ Դուխով սպասում ենք։
Ամբողջությամբ՝ b24.am