«Սելֆիի ժամի» միակ մասնակիցը՝ Լիլիթ Մակունցն էր. hraparak.am
Advertisement 1000 x 90

«Սելֆիի ժամի» միակ մասնակիցը՝ Լիլիթ Մակունցն էր. hraparak.am

Անկախության տոնի առթիվ, ինչպես նախօրոք հայտարարվել էր, Հանրապետության հրապարակում ժամը 14․00-ին պետք է լիներ «Սելֆիի ժամ»։ Սակայն հայտնիներից ներկա էր միայն մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ով շրջում էր հրապարակի տաղավարներով։

Թե ո՞ւր են «Սելֆիի ժամի» մասնակիցները, Մակունցը նշեց, որ հրավերն արվել է հրապարակավ․ «Չգիտեմ ովքեր կգան, թե չեն գա, համենայնդեպս ընդհանուր տրամադրությունը լավ է։ Խնդիրն այստեղ դրված էր այն մասով, որ ուզում էինք 2 քաղաքացու շփումը կարևորվի անկախ նրանից, թե ինչ հանրային հասարակական կարգավիճակ ունի նրանից մեկը, դրանով ուզում էինք դնել հավասարության նշան և ասել, որ Նոր Հայստանում չկան այլևս անհասանելի անձինք՝ լինի դա մշակույթի, շոու բիզնեսի, քաղաքականության, թե այլ բնագավառում։ Այսինքն ուզեցինք ընդգծել 2 քաղաքացու շփման մշակույթը»։

Ո՞ւմ մտահղացումն է եղել «Սելֆիի ժամը», նախարարն ասաց, որ դա մշակույթի նախարարության կողմից նախաձեռնած միջոցառում չէ, բայց մշակութային տարրը և միջոցառման կարևորությունը տեսնում են նոր մշակույթ ներմուծելու մեջ․ «Միջոցառումների կիզակետը սելֆիի ժամը չէր, որն ընդգծվեց մամուլի կողմից, ինչևէ, դա կարևոր չէ, այստեղ տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, ներկայացված են Հայաստանի մարզերը, ներկայացուցչություն կա նաև Արցախի հանրապետությունից»։

Հանրապետության հրապարակում ժամը 14․00-ից մինչև 15․00, մինչև Նիկոլ Փաշինյանի գալը, միակ հայտնի մարդը, ում հետ երիտասարդները սելֆի էին անում՝ հենց ինքը Լիլիթ Մակունցն էր։

hraparak.am