Այսօր նախագահ Արմեն Սարգսյանը Արիության մեդալով պարգևատրեց Արցախում վիրավորված զինվոր, պահեստազորի կրտսեր սերժանտ Հովհաննես Պողոսյանին: Պարգևատրման արարողությունից հետո Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանը իր մտահոգությունները հայտնեց, որ որդու բուժումը կիսատ է.
«4 ամիս է՝ ինքն այսօր չի օգտվում 1-ին հիվանդանոցից: Ես այսօր խոսեցի պարոն Տոնոյանի հետ, ասաց՝ կտեսնեմ: իրենք դրա համար ծրագրեր են կազմել, պայմանագրեր ունեն կնքած Առաջին հիվանդանոցի հետ, ես ասում եմ՝ բոլոր ծնողների կողմից, ում երեխան այսօր այնտեղից չի օգտվում: Բոլոր ծնողները շատ անհանգիստ են, տրամադրությունները շատ ընկած է, որ մինչև 2016 թիվը մի հատ վերականգնողական կենտրոն Հայաստանում չկար, բացի Կարմիր Խաչից: Ինչի՞, սպասում էին 2016 թիվը լինի, որ էս ձևի տղաները շատանան, նոր կենտրոնը բացվի՞: Գրված է, որ Վերականգնողական կենտրոնը բացվում է մեր տղաների համար, բայց այսօր իմ տղան դրսում է, ինչի՞ համար ես պիտի անընդհատ զանգեմ, խնդրվեմ: Ամսվա մեջ ես 3000-4000 դրամի լիցքավորում եմ անում, որ անընդհատ իրենց հետ խոսեմ»:
Մայրը պատմեց, որ Հովհաննես Պողոսյանը սկզբում վերականգնողական կուրսեր է ստացել Կարմի Խաչում, հետո տանն են աշխատել, իսկ երբ 1-ին հիվանդանոցում վերականգնողական կենտրոնը բացվեց, այնտեղ 2,5 ամիս է գնացել.
«Ասեցին ընդմիջում գնա, հասկանում ենք 1-2 ամիս, բայց 4 ամիս ընդմիջո՞ւմ, բոլորն ասում են, որ դա բացառվում է, նման բան չկա: Ցանկացած բժիշկ-կինեզիստ, ես մոտեցել ու բոլորի հետ զրուցել եմ, բոլորն ասում են, որ այս կարգի հիվանդը չպետք է 4 ամիս ընդմիջել: Ինքը գլխից վիրավոր է, իր մկանները, ինչը սկսել է մինչև հիմա աշխատել, արդեն հետ է գնում, մահանում են մկանները: Հա, 1 ամիս կարելի է ընդմիջել, բայց 4 ամիս բացառված է: Բայց մեզ ասում են՝ տեղ չկա ու վերջ»: