Երևանի քաղաքապետի ՕԵԿ թեկնածու ՄհերՇահգելդյանը քվեարկել է իր համար բացառիկ, պատմական և առանց ընտրակաշառքի ընտրություններում: Նա քվեարկել է 9/17 ընտրական տեղամասում:
«Շատ լավ տրամադրվածությամբ և բարձր ակնկալիքներով եկել եմ ընտրության: Սրանք կարևորագույն ընտրություններ են, որովհետև հեղափոխությունից հետո առաջինն են: Կարծում եմ, որ այս ընտրությունները փուլային նշանակություն են ունենալու Հայաստանի Հանրապետության քաղաքական-ժողովրդավարական համակարգի կայացման գործընթացում: Երևանը միայն համայնք չէ, այն մայրաքաղաք է, և հենց այստեղ է գտնվում մեր ազգաբնակչության մոտ 40 տոկոսը»,- նշեց Շահգելդյանը:
Վերջինս վստահ է՝ երկար տարիների դադարից հետո առաջին անգամ է, որ առանց ընտրակաշառքի և կեղծիքի ընտրություններ են անցկացվում, և այն համարում է պատմական ու բացառիկ:
Ըստ օրենքի, ավագանին կարող է գործել, եթե անցնի 3 կուսակցություն, և, Երևանի քաղաքապետի ՕԵԿ թեկնածուի խոսքով, իրենք հավակնում են լինել նրանցից մեկը:
«Մեր կուսակցությունը հավակնում է լինել հաղթող 3 կուսակցություններից մեկը, և պատրաստվում ենք մեր ներդրումն ունենալ Երևանի զարգացման և կառավարման գործընթացում»,- ընդգծեց Մհեր Շահգելդյանը:
Նա քաղաքացիներին կոչ արեց լինել ակտիվ, ներգրավվել այս գործընթացի մեջ և քվեարկելով՝ փորձել կառուցել մեր քաղաքի այն ապագան, որ ցանկանում է յուրաքանչյուր երևանցի: