Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ապահովել, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չունենանք: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
«Նիկոլ Փաշինյանի այն միտքը, որ ՀՀ-ում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, նրա ծրագրի այդ կետն ի կատար չի ածվել»,- ասաց իրավապաշտպանը:
Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ այլևս չեն լինելու, դատական համակարգն անկախ է լինելու:
Վարդան Հարությունյանի խոսքով՝ «Սասնա ծռեր» խմբի դեպքում պատկերն այլ է, գործը նախաքննության ընթացքում է, և նրանք ազատ են արձակվում: Բայց արդեն դատապարտվածների դեպքում, օրինակ՝ Շանթ Հարությունյանի, միայն պահման ռեժիմի փոփոխությունը բավարար չէ, պետք է արդարացվեն:
«Այստեղ տեղի է ունեցել թյուրիմացություն: Եթե հայտարարվում է, որ չպետք է լինի քաղբանտարկյալ, ուրեմն չպետք է լինի:
Ռեժիմը փոխելը չի նշանակում, որ նրանք քաղբանտարկյալ չեն, ուղղակի օրվա մի հատվածը տանն են, մի հատվածը՝ բանտում: Չունենալ քաղբանտարկյալ նշանակում է ոչ թե ազատ արձակել, այլ արդարացնել քաղբանտարկյալին: Այստեղ նոր իշխանությունը թերացել է»,- նշեց իրավապաշտպանը:
Ըստ նրա՝ նոր իշխանությունների կողմից առաջին քայլը պետք է լիներ դատախազությանը հանձնարարել՝ նոր ի հայտ եկած հանգամանքներով բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել և սկսել նրանց արդարացման հարցը. «Իհարկե, չի կարելի դատարաններին հանձնարարականներ տալ, նույնիսկ մեր վատ դատարաններին: Սա քաղաքական պրոցես է»,- նկատեց նա:
Վարդան Հարությունյանի կարծիքով՝ սեպտեմբերի 21-ին՝ անկախության 27-րդ ամյակին համաներում պետք է լիներ:
«Շատ կուզենայի, որ համաներումը չուշանար մի շարք պատճառներով: Այսքան շատ կալանավոր ՀՀ-ն երբեք իր պատմության մեջ չի ունեցել: Անգամ նոր կալանավայր կառուցելու ծրագիր է մշակվում: Համաներումը պարտադիր պետք է լինի»,- ասաց նա: