Քննչական կոմիտեն Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Կամո Սահակյանը:
«Քննչական կոմիտեում ընտրական հանցագործությունների խախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացվել են 3 հաղորդումներ, որոնցից երկուսը զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված դեպքերի և ևս մեկը՝ 40/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից, որոնց վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր, իրականացվում են համապատասխան ստուգումներ՝ քրեական գործ հարուցելու հարցը քննարկելու համար»,- ասաց Սահակյանը:
Քննչական կոմիտեի ներկայացուցիչը մանրամասներ ներկայացրեց հաղորդումների վերաբերյալ՝ նշելով, որ դրանցից մեկը վերաբերում է Էրեբունի վարչական շրջանի 10/22 ընտրատեղամասում տարեց կնոջ կողմից տարեց ամուսնու հետ միասին քվեախցիկ մուտք գործելու դեպքին, հաջորդ դեպքը՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 2/46 ընտրատեղամասում քվեախցիկի անմիջապես վերևում՝ առաստաղին տեսախցիկ տեղադրված լինելուն, իսկ երրորդ դեպքը՝ 4/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացված հաղորդումը վերաբերում է կնոջ կողմից կրկնաքվեարկության փորձ կատարելուն:
«Նշված բոլոր դեպքերով իրականացվում են օրենքով սահմանված կարգով քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ընդգծեց Սահակյանը:
ՀՀ քննչական վարչության պետը հավելեց նաև, որ ընտրություններին ընդառաջ Քննչական կոմիտեն ընտրական հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ հատուկ մասնագիտացված վերապատրաստում են անցել Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների մի խումբ քննիչներ:
Միևնույն ժամանակ, Քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սեպտեմբերի 23-ին Երևանու ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի ընտրական խախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեի իրավասության շրջանակում հաղորդումների քննարկման նպատակով: