Աջափնյակ համայնքի 6/47 ընտրատեղամասում ժամը 18-ի դրությամբ 1271 ընտրողից քվեարկել էր 465-ը: Aravot.am-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Աննա Հակոբյանն ասաց, որ որևէ խախտում չեն արձանագրել, վստահված անձինք հետևել են գործընթացին առավոտից ու որևէ խնդիր չեն արձանագրել. «Հանգիստ, նորմալ, ինչպես ասում են՝ օրենքի տառին համապատասխան ընթանում է ամեն ինչ»:
Մեր հարցին՝ ահազանգեր կային, որ տարբեր ընտրատեղամասեր պիցցաներ են բաժանել, ձեր ընտրատեղամասին պիցցա ուղարկե՞լ են՝ հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Այո, մեր ընտրատեղամաս պիցցա հասել է, հասցրել ենք ընդմիջել, անուշ արել ենք, ասել ենք՝ շատ շնորհակալություն ով հյուրասիրում է: Բնականաբար, պիցցայով չբավարարվեցինք, մի փոքր անց մեր ընդմիջումը շարունակեցինք մեր միջոցներով»:
Նա ասաց, որ պիցցան «Իմ քայլը» դաշինքից են բերել. «Դռնից հենց տվեցին, գնացին»:
Աննա Հակոբյանը զարմացած է՝ համացանցում ինչո՞ւ են աղմուկ հանում այդ պիցցայից. «Նախկինում ովքեր աշխատել են հանձնաժողովներում, գիտեն, որ նախկինում ՀՀԿ-ն է ապահովել սնունդը և երբևէ այդ մասին ինֆորմացիա համացանցում չի տարածվել: Սնունդ է դա, հիմա ընդմիջում է՝ սնվում ենք, դրա մեջ ինչ-որ արտառոց բան չկա»:
Մեր հարցին՝ ՀՀԿ-ականներն էլ էին պիցցա բերո՞ւմ, թե՞ այն ժամանակ խորոված-քյաբաբ է եղել՝ Աննա Հակոբյանը պատասխանեց. «Պիցցա չէր, մի քիչ ավելի ընդլայնված էր՝ դեսերտով, բանով»:
Նա ասաց, որ դա նորմալ ընթացակարգ է, հյուրասիրում են այն կուսակցությունները, որոնք ընտրատեղամասում ունեն ներկայացված անդամներ: Հարցին՝ դա կարո՞ղ է ազդել, որ ինչ-որ խախտումների վրա աչք փակեք՝ պիցցան հիշելով՝ հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Իհարկե, ոչ, մեր վրա ոչ մի բան չի կարող ազդել, մենք այսօր և նախորդ օրերին ևս մոռանում ենք մեր քաղաքական հայացքները, փորձում ենք կազմակերպել արդար, ազնիվ, թափանցիկ ընտրություններ և պիցցան, ոչ էլ այլ բաները չեն կարող մեր վրա ազդել»: