Երեկ սեպտեմբերի 22-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Անահիտ Թամոյանը Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում «Առինջ մոլ» տոնավաճառի ետնամասում իրեն անծանոթ անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է խոշոր չափի գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների, քննչական վարչության պետ Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ՝ ձեռնարկելով անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ավազակային հարձակումը կատարել է Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռոմեն Հովհաննիսյանը։
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Ռ․ Հովհաննիսյանին, ինչպես նաև հափշտակված գումարը հայտնաբերելու ուղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հափշտակված գումարը կազմում է 4 միլիոն 200 հազար դրամ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: