Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով մայրաքաղաքի ավագանի է անցնում երեք քաղաքական ուժ: Նախնական արդյունքներով Երևանի ավագանիում ներկայացված կլինեն «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լույս» դաշինքը:
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով «Իմ քայլը դաշինքը հավաքել է 294 հազար 109 ձայն կամ ընտրության մասնակիցների ձայների 81.06 տոկոսը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը: Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է: «Լույս դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:
Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը կուսակցությունների համար 6 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 8 տոկոս: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 (8) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները: Հետևաբար, ընտրությունների նախնական արդյունքներով Երևանի ավագանիում ներկայացված կլինեն ամենաշատ քվե հավաքած երեք ուժերը, քանի որ մյուս քաղաքական ուժերն ընդհանրապես անցողիկ շեմին նույնիսկ մոտ չեն գտնվում:
Քաղաքական ուժերի միջև մանդատները բաշխման մեխանիզմը սահմանված է Ընտրական օրենսգրքում: Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:
Այսինքն, եթե «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 294 հազար 109 ձայն, ապա այդ թիվը բազմապատկվում է Երևանի ավագանու մանդատների թվով, որը 65 է, դրանից հետո ստացված թիվը բաժանվում է կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա (370 հազար 323): Այս գործողությունն անելու արդյունքում ստացվում է 51.6 թիվը: Նույն գործողության արդյունքում ԲՀԿ-ի դեպքում ստացվում է 4.4, իսկ «Լույս» դաշինքի դեպքում՝ 3.1 թիվը:
Եթե գումարում ենք կատարված հաշվարկի արդյունքում մանդատներն առանց տասնորդական թվերի, ստանում ենք 58 թիվը, սակայն Երևանի ավագանու մանդատների թիվը 65 է: Այս դեպքում Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: Մնացորդների մեծությամբ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է (51.6), երկրորդը՝ ԲՀԿ-ն (4.4), երրորդը՝ «Լույս» դաշինքը (3.1): Վերը նշված մեթոդաբանությունը կիրառելու արդյունքում ստացվում է, որ մնացած 7 մանդատներից ևս երեքը բաժին է հասնելու «Իմ քայլը» դաշինքին, որն ավագանիում կունենա 54 մանդատ, երկուսը՝ ԲՀԿ-ին, որն այդ դեպքում կունենա 6 մանդատ, երկուսը «Լույս» դաշինքին, որն արդյունքում կունենա 5 մանդատ:
ՀՀ ընտրական օրենսդրության համաձայն՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ: Սա նշանակում է, որ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 30-ին:
Իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը: Հետևաբար` նորընտիր ավագանու առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 10-ին:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով: Հետևաբար, քանի որ «Իմ քայլը» դաշինքը հավաքել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 81.06 տոկոսը, դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հոկտեմբերի 10-ին սպասվող ավագանու նիստի ընթացքում առանց քվեարկության, օրենքի ուժով կստանձնի Երևանի քաղաքապետի պարտականությունները:
Երևանի քաղաքապետի պարտականությունները ստանձնելու պարագայում Հայկ Մարությանը կլինի Երևանի 55-րդ քաղաքապետը, իսկ Հայաստանի անկախությունից ի վեր՝ 12-րդ քաղաքապետը: