Կառավարության գործերի կառավարչության նախկին աշխատակից Նարե Գրիգորյանն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատաքից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Նարե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե աշխատանքից ազատվել է, որովհետև գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն իրեն ստիպել է արտաժամյա աշխատել, բայց նա մերժել է, որովհետև անչափահաս երեխա ունի: Էդուարդ Աղաջանյանը ՀԺ-ին տված պարզաբանման մեջ նշեց, որ Գրիգորյանը աշխատավայրում հավելյալ մնալու խնդրով իրեն դիմել է, բայց իրանակում պարզվել է, որ նման բան չի եղել:
«Տիկին Գրիգորյանը պնդում էր, որ գործերի կառավարիչն իրեն պահում է արտաժամյա՝ մինչև 22:00-ն և նա չի կարողանում համատեղել անչափահաս երեխայի խնամքը: Նա առաջարկում էր իրեն այդքան երկար չպահել: Նա գործերի կառավարչի մասին ինձ մոտ անհարգալից էր խոսում, որի հետ կապված նրան որևէ բան չի ասվել: Ես խնդիրը քննարկել եմ պարոն Պապիկյանի հետ և պարզվել է, որ Նարե Գրիգորյանը ստել է, որովհետև նա աշխատանքից ամենաուշը դուրս է եկել 18:15 րոպեին»,- ասաց Աղաջանյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը միաժամանակ տեղեկացրեց, որ գործերի կառավարչի ասածից զատ նա ստուգել է նաև կառավարության մուտքի և ելքի էլեկտրոնային համակարգը, ինչի միջոցով պարզ է դարձել, որ Նարե Գրիգորյանն աշխատանքից հեռացել է վերոնշյալ ժամանակահատվածում: «Փաստաթղթերը ես ուսումնասիրել եմ և չկա մի օր, որ Նարե Գրիգորյանը դուրս է գալիս ժամը 18:20-ից ուշ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում: Նրա պնդումները սուտ էին»:
Աղաջանյանը հավաստիացրեց, որ անգամ Նարե Գրիգորյանի աշխատավարձն է բարձրացվել՝ Պապիկյանի կողմից գործերի կառավարչի պաշտոնը ստանձնելուց հետո: «Նրա նկատմամբ որևէ կանխակալ վերաբերմունք չի եղել: Նա աշխատանքից ազատվել է հետևյալ պատճառով. ինձ հետո խոսելուց հետո Նարե Գրիգորյանի և Վահան Պապիկյանի միջև եղել է հետևյալ խոսակցությունը, որ, եթե աշխատանքից հետո մի քանի րոպե մնալն անտանելի է դառնում իր համար, ապա ազատ է դիմում գրել և դուրս գալ: Գործերի կառավարչին ի պատասխան Նարե Գրիգորյանը հիստերիկ պահվածք է ցուցաբերել և Պապիկյանին ու իմ գործավարին զգուշացրել է, որ դառնում է ընդդիմադիր լրագրող»,- մանրամասնեց Աղաջանյանը:
Նարե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն էր կատարել.
«Նիկոլի ականջը կանչի՝ այսօրվանից գործազուրկ եմ: Հարգելի բարեկամներ, այսօր վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ՝ Վահան Պապիկյանը, ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել: Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել և այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով», – ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ և եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ: Սիրելի բարեկամներ, ես կոռուպցիոներ չեմ և ոչ էլ հանցագործ: Ես ընդամենը փոքրիկ աշխատավարձով յոլա գնացող պետական աշխատող էի և ոչ մեկի վրա բոչկա գլորելու նպատակ չունեի: Գործերի կառավարչությունում ցինիկ և արհամարհական վերաբերմունքի են արժանանում բոլոր աշխատողները, սակայն լռում են՝ վախից: Ես և մեկ հոգի, որ չվախեցանք, ենթարկվեցինք բարոյահոգեբանական ճնշումների՝ արդյունքում գործազուրկ դարձանք:
Նիկոլ Փաշինյանի իշխանության համար պայքարել են իմ քույրերը, մորաքույրը, հորաքույրը հարյուր հազարավոր քաղաքացիներ: Մոլորված քաղաքացիներ: Իրականում ո՛չ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի գոյություն ունի, ո՛չ արդարություն, ո՛չ մարդասիրություն: Ես հիմա Նիկոլի համար դոշ տված իմ հայրենակիցներին ասում եմ՝ եկեք, պահեք իմ յոթամյա անհայր երեխային, ով կոմունալ վճարումներ կատարելու և օրվա հաց գնելու հնարավորություն այլևս չունի»:
Այնուհետև, Նարե Գրիգորյանն իր էջում հետևալ գրառումն էր կատարել.