Ավագանու ընտրություններից հետո խոսակցություններ են շրջանառվում, որ Կենտրոնի թաղապետի պաշտոնում Արա Սադոյանին փոխարինելու է Վիկտոր Մնացականյանը: Նա ժամանակին եղել է Հովիկ Աբրահամյանի օգնականը, նախկին սոցապնախարար Մխիթար Մնացականյանի՝ Կարմիր խաչի Մխիկի եղբորորդին է եւ Հայկական գորգի ազգային կենտրոնի հիմնադիրը։ Մեզ հետ զրույցում Մնացականյանն ասաց, որ նման առաջարկ չի ստացել եւ ոչ էլ տեղյակ է այդպիսի խոսակցություններից, առայժմ կլինի միայն ավագանու անդամ։ Իսկ առաջարկ լինելու դեպքում կգնա՞։ «Կմտածեմ, որովհետեւ մի քանի ծրագրեր կան, որ դեռ չեմ ավարտել, եւ դժվար կլինի բացի ավագանիից որեւիցե նոր պաշտոն ստանձնել։ Կարծում եմ նաեւ, որ մարդիկ նորմալ աշխատում են»։
Թե ինչ ընթացքի մեջ է գորգերի թանգարանի գաղափարը, որը դեռ նախկին նախարար Ա․ Ամիրյանի օրոք առաջ քաշվեց եւ տեւական ժամանակ է՝ կառուցվում է ԱՕՔՍ-ի շենքում, Մնացականյանն ասաց, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է, Լիլիթ Մակունցի կողմից էլ է հաստատվել։ Թանգարանը շուտով կամբողջանա եւ դռները կբացի հոկտեմբերին։ «Շենքային պայմանները քանի որ շատ նուրբ են, ապա ռեստավրատորները շատ զգուշորեն են աշխատում։ Գորգեր կհատկացնեն ե՛ւ պետական գորգերի ֆոնդից, ե՛ւ այլ մասնավոր հավաքածուներից, կլինեն նաեւ իմ գորգերի հավաքածուից։ Հիմա տարբեր ծրագրեր ենք անում Գորգի ազգային կենտրոնով․ սահմանամերձ գյուղերում փորձում ենք գորգարտադրության կենտրոններ ստեղծել, որտեղ աշխատանք չկա»,- ասաց Մնացականյանը։