Փողոցներում վայրեր կան, որոնց կողքով քիթդ փակ պետք է անցնես․ Զառա Արամյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Փողոցներում վայրեր կան, որոնց կողքով քիթդ փակ պետք է անցնես․ Զառա Արամյան. life.panorama.am

Life.panorama.am-ը Երևանի նորընտիր քաղաքապետի և որպես երևանցի՝ իր սպասելիքների մասին զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ժուռնալիստների միության վարչության անդամ, կամ ինչպես հայտնի է հանրության շրջանում՝ «համով» Զառա Արամյանի հետ, ով, ի դեպ, նախկինում Հայկ Մարությանի հետ նկարահանումներ շատ է ունեցել:

«Անշուշտ, սպասելիքներս մեծ են, և շատ եմ ուզում, որ իրականություն դառնան այն  բոլոր կետերը, որոնք նախընտրական փուլում հայտարարում էին Հայկ Մարությանն ու իրենց թիմը: Հայկ Մարությանն ընտրվեց ձայների ճնշող մեծամասնությամբ և դա մեծ պատասխանատվություն է իր համար: Եվ ես վստահ եմ, որ նա պատվով է դուրս գալու այդ ամենից, նա լավ, խելացի, սրտացավ քաղաքացի է, և իր այդ հատկանիշները նոր չէ, որ ապացուցել է: Հայկը դեռ տարիներ առաջ անընդհատ ժողովրդի կողքին էր, փորձում էր իր բողոքով ու քայլերով լուծել սոցիալական շատ խնդիրներ, իսկ դա չգնհատելը մեր կողմից սխալ է»,- նշեց նա:

Հարցին, թե ըստ Զառա Արամյանի, որո՞նք պետք է լինեն առաջնային լուծման խնդիրները, պատասխանեց.

«Ինձ համար այդ խնդիրները շատ են, և առաջիններից է աղբահանությունը: Վերջին շրջանում «Սանիտեկը» շատ է զայրացնում: Ցավոք, այսօր արդեն փողոցներում վայրեր կան, որոնց կողքին քիթդ փակ պետք է անցնես: Քաղաքը աղբի մեջ է, ինչը կարող է բերել խիստ վատ հետևանքների՝ հիվանդություններից, մինչև առնետների հոսք: Շատ եմ ուզում, որ նաև քաղաքը առավել լուսավոր լինի:  Ամենաշատը, որ կուզեի Հայկը վերականգներ, փողային նվագախումբն է, որն իմ մանկության վառ հիշողություններից է. Այն ժամանակ՝ ամեն շաբաթ և կիրակի, փողային օրկեստրը նվագելով՝ շրջում էր քաղաքում և դրանով շատ հետաքրքիր գույն էր հաղորդում մեր Երևանին: Ես Հայկ Մարությանին այդ առաջարկությունը պետք է անեմ, եթե հարմար գտնի, հուսամ դա կվերականգնի: Անկեղծ ասած՝ ընդհանուր մայրաքաղաքի վիճակից շատ գոհ եմ, թե լուսավորությունը, թե քաղաքի արտաքին տեսքը վատ չէ, բայց ուզում եմ նոր ուժն էլ ավելի լավը դարձնի մեր Երևանը: Վստահ եմ՝ այդպես էլ լինելու է, քանի որ Հայկ Մարությանն  էլ շատ է սիրում մեր քաղաքը, նա այս քաղաքի տղա է և մենք էլ իրեն ենք շատ սիրում»:

Զառա Արամյանը շեշտեց.

«Նորընտիր քաղաքապետի կողմից, եթե անգամ սխալներ լինեն, ես դրան էլ եմ պատրաստ, միայն թե նա ճիշտ ժամանակին դրանք հասկանա և շտկի»:

Իսկ զրույցի վերջում Զառա Արամյանը ժպիտով նկատեց.

«Հետաքրքիր զուգադիպությամբ՝ թեկնածուներից գրեթե բոլորը իմ լավ ընկերներն են, բոլորին յուրահատուկ կերպով հարգում եմ ու սիրում: Ես շատ ցավով էի հետևում, որ թեկնածուներից մի քանիսը մեկը մյուսի նկատմամբ թշնամանքով էին վերաբերվում, բայց ինքս բոլորի հետ լավ ընկեր եմ: Հայկ Մարությանի հետ մենք աշխատել ենք, անգամ միասին ամուսիններ ենք խաղացել: Նրա հետ շատ լավ հիշողություններ ունեմ: Ես շատ եմ գնահատում Հայկի՝ երկար տարիների պայքարը: Նա իր բնույթով պայքարող է և ուզում եմ, որ իր եռանդը հիմա արտացոլվի ոչ թե պայքարի, այլ լավ գործեր անելու մեջ: Ուզում եմ՝ մեր երևանցիները և առհասարակ բոլոր հայերը ժպտան»:

life.panorama.am