Տավուշի մարզի Բաղանիս համայնքը գարնանը նոր մանկապարտեզ կունենա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:
«ԱՄՆ-ում գործող «Փարոս» հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ նոր մանկապարտեզ է կառուցվում` մեկ խմբի համար: Այսօր արդեն հիմքն ենք գցել: Համայնաքապետարանը ֆինանսական առումով որևէ մասնակցություն չունի այդ աշխատանքներին: Մանկապարտեզի կառուցման աշխատանքների ավարտը եղանակից է կախված: Պետք է մինչև տարեվերջ արտաքին աշխատանքները ավարտենք: Մոտավորապես մարտ-ապրիլ ամիսներին մանկապարտեզը պատրաստ կլինի շահագործման»,- ասաց համայնքապետը:
1991թ.-ից Բաղանիսում մանկապարտեզ չի եղել, իսկ 2016թ.-ին համայնքում գործող նախակրթարանը վերածվել է մանկապարտեզի, որտեղ այսօր 18 երեխա է հաճախում:
«Խորհրդային տարիների մանկապարտեզը պատերազմի ժամանակ գնդակոծության հետևանքով դադարեցրել է իր գործունեությունը: 1991թ.-ից մանկապարտեզ չենք ունեցել: 2016թ նախակրթարանը դարձել է մանկապարտեզ` փոքրերի ու ավագ խմբով, և մինչ օրս գործում է Բաղանիսի գյուղապետարանի մի փոքր սենյակում, որտեղ հարմարեցրել ենք պայմանները»,- նշեց Սահակյանը:
Նարեկ Սահակյանի խոսքով` համայնքում մանկապարտեզ հաճախող երեխաների թվի ավելացման միտում կա: