Կոսմետոլոգներն իրավունք չունեն փոխարինող հորմոնալ թերապիա նշանակել. փորձագետ
Advertisement 1000 x 90

Կոսմետոլոգներն իրավունք չունեն փոխարինող հորմոնալ թերապիա նշանակել. փորձագետ

Կոսմետոլոգներն իրավունք չունեն նշանակել փոխարինող հորմոնալ թերապիա։ Այս մասին նշել է «Աստղիկ» ԲԿ կանանց խորհրդատվության ծառայության ղեկավար Իննա Պերսոյանը սեպտեմբերի 29-ին կայացած «Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրես»-ում «Դաշտանադադարային հորմոնային թերապիայի նշանակման սկզբունքները հայ կանանց շրջանում» զեկույցի ներկայացման ժամանակ։

Պերսոյանը տեղեկացրել է, որ կոսմետոլոգը կարող է ցանկություն հայտնել փոխարինող հորմոնալ թերապիա նշանակել հաճախորդի կնճիռները հարթեցնելու համար։ Սակայն, ինչպես նշվեց, կոսմետոլոգներն իրավունք չունեն նշանակել փոխարինող հորմոնալ թերապիա։

Փորձագետի խոսքով՝ այսօր փոխարինող հորմոնալ թերապիան կոնկրետության նպատակով ընդունված է անվանել դաշտանադադարի հորմոնալ թերապիա։ Համաձայն հետազոտության՝ եվրոպական երկրներում դաշտանադադարի հորմոնալ թերապիա անցնում են կանանց 34 տոկոսը, ՌԴ–ում՝ 0.2 տոկոսը։

«Հայաստանում դաշտանադադարի հորմոնալ թերապիան հազվադեպ են նշանակում և դրա համար կան պատճառներ։ Դա, մասնավորապես, բժիշկների մոտ գիտելիքների բացակայությունն է, հորմոնաֆոբիան է բժիշկների ու պացիենտների շրջանում, պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը, որը բարդ է պացիենտների համար ֆինանսական տեսանկյունից»,–հայտնել է Պերսոյանը։

Դաշտանադադարի հորմոնալ թերապիայի նշանակման ցուցումների թվում է վաղ և ժամանակից շուտ դաշտանադադարը, վեգետատիվ-անոթային և հոգեկան–էմոցիոնալ ախտանիշները։ Հորմոնալ թերապիայի այս տեսակը նվազեցնում է աթերոսկլերոզի, օստեոպորոզի զարգացման վտանգը, բարձրացնում է կանանց կյանքի որակը։

Սրանից բացի, Պերսոյանը հայտնեց, որ դաշտանադադարի հորմոնալ թերապիայի նշանակումից առաջ անհրաժեշտ է անցնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, իսկ կինը պետք է տեղեկացված լինի դաշտանադադարի հորմոնալ թերապիայի բոլոր վտանգների ու առավելությունների մասին. «Եթե կինը ցանկանում է, որ իրեն նշանակեն դաշտանադադարի հորմոնալ թերապիա, ապա առաջին հերթին պետք է հրաժարվի ծխելուց»,–ընդգծեց փորձագետը։

Հավելելնք, որ  «Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրեսը» կազմակերպել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ։

med.news.am