ABBYY ընկերության ղեկավար հայազգի Դավիթ Յանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ 2.5 տարվա աշխատանքից հետո թողարկվել է Findo.com խելացի որոնողական համակարգը:
Համակարգի ստեղծմանը նպաստել ու աշխատանքներին մասնակցել են թվով 16 ինժեներներ՝ արհեստական ինտելեկտի, որոնման, բջջային տեխնոլոգիաների ու ամպային լուծումների ոլորտներից:
Այս համակարգի միջոցով հնարավոր է գտնել փաստաթղթերն ու անձնական տվյալները: Համակարգը կօգնի գտնել անձնական նամակները, ինչպես նաև այնպիսի փաստաթղթեր, որոնց անունը չեք հիշում:
Findo-ն իր տեսակով բացառիկ համակարգ է, քանի որ հասկանում է մարդկային լեզուն: Առայժմ համակարգը հասկանում է միայն անգլերեն լեզուն, սակայն հետագայում նախատեսվում է նաև ավելացնել այլ լեզուներ: Համակարգի միջոցով հնարավոր է ամպային պահոցներում գտնել տարբեր փաստաթղթեր:
Առայժմ համակարգը թույլ է տալիս ֆայլեր փնտրել Dropbox, Gmail, Outlook, Google Drive, Yahoo, Evernote և Exchange ծառայություններում, սակայն հետագայում այս ցանկը կընդլայնվի:
Findo-ն այժմ ներկայացված է ProductHunt.com կայքում: Այստեղ կարող եք քվեարկել և թողնել ձեր մեկնաբանությունները համակարգի մասին:
Սիրարփի Աղաբաբյան