Պիաֆ և Ազնավուր. մեծերի մտերմությունը
Advertisement 1000 x 90

Պիաֆ և Ազնավուր. մեծերի մտերմությունը

«Զարմանալի, անգամ անհավանական պատմություններով լի է եղել երկու մեծ երգիչների՝ Շառլ Ազնավուրի և Էդիտ Պիաֆի մտերմությունը: Ազնավուրը հռչակավոր երգչուհի, Ֆրանսիայի կուռքը հանդիսացող Էդիտ Պիաֆի հետ ծանոթանում է 1946-ին Փարիզի սովորական սրճարաններից մեկում, որտեղ երեկոները չնչին վարձատրության դիմաց երգում էին Շառլն ու իր ընկերը: Պիաֆն այդ փոքրամարմին ու արտաքնապես ոչինչով աչքի չընկնող 22-ամյա հայ երիտասարդի մեջ կարողացավ տեսնել և բացահայտել Ֆրանսիայի ապագա մեծագույն շանսոնյեին՝ երգչին, երգահանին և բանաստեղծին:

Ազնավուրի և Պիաֆի ստեղծագործական համագործակցությունը տևում է մոտ ութը տարի: Ազնավուրն այդ ընթացքում բազմաթիվ երգեր գրեց Պիաֆի համար, մասնակցում էր նրա համերգներին ու շրջագայություններին, անգամ մի որոշ ժամանակ ապրում էր նրա տանը, օգնում նրան ամեն ինչում, սակայն շատերն էին այդ երկու մեծերի ընկերությունը տարօրինակ անվանում: Եվ իրոք, Պիաֆը շատ քմահաճ և անկանխատեսելի բնավորություն ուներ, մշտապես չարաշահում էր ոգելից խմիչքներն ու բառացիորեն սրճարաններից դուրս չէր գալիս, նաև շատ հաճած սիրեկաններ էր փոխում: Օրինակ, նա կարող էր մի օր հանկարծ հեռագիր ուղարկել Ազնավուրին, գրելով. «Շուտ արի այստեղ, առանց քեզ ես չեմ կարող ամուսնանալ»: Եվ ահա Ազնավուրը, ով որպես երգիչ արդեն ճանաչում էր ձեռք բերել, ստիպված ընդհատում էր իր նախապես ծրագրված հյուրախաղերը, վճարելով խոշոր տույժեր, և թռնում-հասնում էր մի մայրցամաքից մյուսը, որպեսզի Պիաֆի կողքին լինի՝ նրա հերթական բուռն սիրավեպի ընթացում, քանի որ դա երգչուհու այդ պահի ցանկությունն էր հանդիսացել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Շուխյանը:



Նման նյութեր