Շառլ Ազնավուրի հրապարակում հոկտեմբերի 5-ին մեծ էկրանից ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում անցկացվող հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողությունն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի, որին հետևելու համար hարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել էին Ազնավուրի հրապարակում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ խոսելով աշխարհահռչակ շանսոնյեի մասին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը նշեց, որ առաջին անգամ Ազնավուրին հանդիպել է 12 տարեկանում:
«Երբ հանդիպեցի Ազնավուրին`իր հայացքը և ժպիտը ինձ մեծ հպարտություն ներշնչեց: Մանուկ ժամանակ ծնողներս շատ հաճախ էին լսում Շառլ Ազնավուրի երգերը: Չիմանալով ֆրանսերեն, ես նրա երգերի ամեն տողը անգիր էի սովորել: Իսկ երբ սկսեցի ֆրանսերեն սովորել, մեկնարկը տվեցի շանսոնյեի երգերով` գեղեցիկ բառեր և արտահայտություններ հենց իր երգերից էի սովորում, ու իմ կյանքի բոլոր փուլերում ես լսել եմ նրա ստեղծագործությունները: Նրա կորուստը շատ մեծ վիշտ է մեզ համար»,- ասաց Գալստյանը:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում:
Ազնավուրը առաջին երաժիշտն է, ում պատվին տեղի է ունենում Ազգային հարգանքի տուրքի արարողություն: