Հայաստանում PayPal-ի ծառայությունների ամբողջական գործարկման մասին քննարկումները բավականին ակտիվ են վերջին տարիներին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն արձագանքել է դրական տեղաշարժերի մասին:
«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա PayPal ընկերության փոխնախագահի հետ՝ Հայաստանում PayPal-ի ծառայությունների ամբողջական գործարկման հետ կապված:
Փոխնախագահը խոստացավ իր թիմի հետ քննարկել իմ տված տեղեկատվությունը Հայաստանի մասին և ակտիվորեն աշխատել առաջարկված խնդրի շուրջ:
Որպես տեղեկատվություն՝ պետք է ասեմ, որ PayPal-ը գործում է աշխարհի ընդամենը 65 երկրներում, և նույնիսկ որոշ եվրոպական երկրներում այն ամբողջական ֆունկցիոնալությամբ չի գործում: Ամեն դեպքում, բարձր-տեխնոլոգիական, փոքր ու միջին բիզնեսի համար շատ կարևոր է այսպիսի վճարային համակարգերի գոյությունը Հայաստանում, և մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ»,- գրել է Հակոբ Արշակյանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականից PayPal-ի հաշվին եղած գումարը կարելի է կանխիկացնել Հայաստանում՝ Idram ծառայության միջոցով:
Սիրարփի Աղաբաբյան