Ինչպես 168.am-ի նախկին հրապարակումներում նշել էինք, 2018 թվականի սեպտեմբերին Փարիզում աշխատանքներն էր սկսելու ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Կենտրոնի մեկնարկն արդեն տրված է և կենտրոնն ընդունել է իր առաջին ուսանողներին:
Կենտրոնի 1500 ուսանողների կեսը Թումո-Փարիզի կրթական ծրագիրը սկսում են այս տարի, իսկ ուսանողների մյուսը կեսը կենտրոն կհաճախի հունվար ամսից:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն արդեն այցելել է կենտրոն՝ Թումոյի զարգացման հարցերով ղեկավար Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ:
Անն Իդալգոն նշել է, որ իրենք ճանաչեցին Հայաստանը` որպես գիտության, տեխնոլոգիաների ու կրթության ոլորտում ավանդույթներ ունեցող երկիր:
Կենտրոնում կրթությունն անվճար է: Ուսումնական ծրագիրը լիովին ադապտացվել է Փարիզի կենտրոնին և թարգմանվել է ֆրանսերեն: Գրանցված ուսանողների շուրջ մեկ երրորդը ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից է, և նրանց մոտ 40 տոկոսն աղջիկներ են:
Թումո-Փարիզը գտնվում է Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում: Կրթական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:
Սիրարփի Աղաբաբյան