5,6 մլն դոլար ներդրում է ստացել հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը: Ներդրումն իրականացրել է Naspers Ventures-ը՝ Learn Capital-ի մասնակցությամբ:
Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ ներդրումն իրենց կօգնի առաջխաղացնել ընկերության գլոբալ զարգացումը, ինչպես նաև մեծացնել իրենց թիմերը Հայաստանում և Ամերիկայում:
«Մենք հավատում ենք, որ միշտ նոր բան կա սովորելու, երբ խոսքը վերաբերում է կոդավորմանը: SoloLearn-ը ամբողջ աշխարհում կիրառվում է ուսանողների կողմից, որոնք ցանկանում են մեծացնել իրենց կոդավորման հմտությունները, և մենք ցանկանում ենք ավելի ընդլայնվել, ավելի շատ ուսանողների դասավանդել, ավելի շատ մարզերում ապահովել ավելի բազմազան և առաջադեմ ուսումնառություն,- նշում է SoloLearn-ի գլխավոր տնօրեն Եվա Հյուսյանը,- Մենք ուրախ ենք ողջունել Naspers-ին` որպես մեր նոր ներդրումային գործընկերը՝ հաշվի առնելով իրենց գլոբալ տարածվածությունը և փորձառությունը»:
Նշենք նաև, որ ստարտափը հատել է ամսական 1 մլն ակտիվ օգտատերերի սահմանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի SoloLearn ստարտափը հաղթել էր Facebook-ի FbStart մրցույթում՝ ստանալով 100 հազար դոլար մրցանակ:
SoloLearn ստարտափն ամենամեծ հարթակներից է, որի նպատակն է՝ սովորեցնել ծրագրավորում և ներկայացնել՝ ինչպես աշխատել կոդերի հետ:
Ստարտափն առաջարկում է սովորել 12 անվճար դասընթացներ: Այդ թվում՝ JavaScript, Swift, Python, C++, HTML/CSS և այլ լեզուներ:
Ծրագիրն ամենաշատն օգտագործում են ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Ռուսաստանում:
Ստարտափը գործում է Android, iOS, Windows և web հարթակներում:
Սիրարփի Աղաբաբյան