Advertisement 1000 x 90

Հայաստանում ո՞ր հոգեկան խանգարումն է առավել հաճախ հանդիպում. պարզաբանում է հոգեբանը

Հայաստանում ավելի հաճախ, քան աշխարհի մյուս երկրներում, հանդիպում են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումները: Այս մասին հոկտեմբերի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի Բժշկական հոգեբանություն ամբիոնի վարիչ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Նրա խոսքով՝ մյուս երկիրը, որտեղ նույնպես դիտվում է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների բարձր մակարդակ, Իսրայելն է: Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը բնութագրվում է սևեռուն մտքերի, հիշողությունների, շարժումների և գործողությունների զարգացմամբ: Դա, օրինակ, կարող է լինել վարակվելուց կամ աղտոտվելուց վախը, սնահավատությունը, չափից ավելի ուշադրությունը կարգին ու համաչափությանը:

Միաժամանակ, ինչպես նշեց Գասպարյանը, գոյություն ունեն ծիսակատարություններ, որոնք սերտորեն կապված են մշակույթի և ժողովրդական ավանդույթների հետ, ինչի հետ կապված դրանք որպես պաթոլոգիա չեն դիտարկվում: Օրինակ՝ շրջանցել այն ճանապարհը, որը հատել է սև կատուն կամ խաչ նկարել թափված աղի վրա՝ վեճից խուսափելու համար:

Գասպարյանը ուշադրություն դարձրեց նաև այն փաստի վրա, որ ընդհանուր վիճակագրությամբ՝ Հայաստանում իրականացված սպանությունների 17-20 տոկոսը բաժին է ընկնում ներընտանեկան վեճերին, ինչը վկայում է ընտանեկան բռնության տարածվածության տեսանկյունից միանգամայն ոչ բարվոք իրավիճակի մասին:

Խոսելով ընդհանրապես մարդու հոգեկան առողջության մասին՝ փորձագետը նշեց մի քանի գործոններ, որոնք կարելի է դիտարկել որպես յուրատեսակ ինդիկատորներ: Օրինակ՝ լավ ցուցանիշ է համարվում լավատեսությունը, կենսական խնդիրները աներեր տանելու ունակությունը: Տագնապի ահազանգ են քնի հետ կապված խնդիրները, սևեռուն բացասական մտքերը, քննադատությունը չհանդուրժելը:

Դրանից բացի, գարնանն ու աշնանը դեպրեսիաները սրվում են, իսկ տրամադրության փոփոխությունները կարող են արտահայտված բնույթ ստանալ:

Ըստ միջազգային վիճակագրության՝ 100 մարդուց 15-ը հոգեբանական օգնության կարիք ունի, ընդ որում՝ եթե մինչև 14 տարեկան դեռահաս տարիքում հոգեբանական խնդիրներ ունի 10-ից մեկը, ապա մեծահասակների դեպքում՝ 4-ից մեկը:

Սրա հետ կապված՝ նշվեց պետության կողմից բնակչությանն անվճար հոգեբանական օգնություն ցույց տալու կարևորությունը: Նշված օրինակներ կան աշխարհի շատ երկրներում: Սակայն Հայաստանում անվճար հիմունքներով պետությունը ցուցաբերում է միայն հոգեբուժական օգնություն:

med.news.am